Գյուղատնտեսության աշխատողի օրն է
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ: Նա գյուղատնտեսության ոլորտում ներգրավված աշխատողներին մաղթել է բարեկեցություն, միշտ լի ու բերքառատ տարիներ, հայրենի հողում խաղաղ երկնքի տակ բերք ու բարիք արարելու երջանկություն, իսկ այսօր՝ տոնական բարձր տրամադրություն:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության տարածած ուղերձում մասնավորապես ասված է.
«Մաղթանքս է, որ գյուղատնտեսությունը մեր երկրում դառնա նորարարական, բարձր շահութաբերություն ապահովող, մրցունակ ոլորտ: Վստահ եմ՝ դրան հասնելու ճիշտ ճանապարհին ենք և անպայման հաջողելու ենք:
Գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաների, նոր գիտելիքի կիրառումը, ագրոբարեփոխումների լայն թափով իրականացումն այլընտրանք չունեն: Հապաղելու ժամանակ չունենք և պետք է ուժերի առավելագույն լարմամբ համատեղ ջանքերով հասնենք լավագույն արդյունքի:
Գյուղատնտեսությունը երկրի և տնտեսության համար ռազմավարական ոլորտ է և հանդիսանում է կառավարության առաջնահերթություններից: Շարունակելու ենք ուշադրություն դարձնել ինտենսիվ այգիների ու ոռոգման արդիական համակարգերի ներդրման խթանմանը, սուբսիդավորման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, սերմնաբուծության զարգացմանը, գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավմանը, գյուղատնտեսական կոոպերացիայի խթանմանը, գինեգործական արտադրանքի մրցունակության և վարկանիշի բարձրացմանը, ապահովագրական համակարգի ներդրմանը»:
Հարակից հրապարակումներ`
- Անարդյունավետ գործած հիմնադրամի ղեկավարը՝ գյուղատնտեսության նախարար
- Գյուղացին և վերամշակողը պետք է գործընկերներ լինեն, ոչ թե մեկը մյուսին խաբեն. Հրաչ Բերբերյան
- Բաբկեն Պիպոյան. Պարենային ապրանքների թանկացումը գործադիր իշխանության համար շատ ձեռնտու իրավիճակ է ստեղծել