Լենա Նազարյանը համաձայն չէ Աշոտյանի պնդմանը
«Հոկտեմբերի 16-ին կառավարությունը հաստատեց նախագիծը, 17-ին առաքեց խորհրդարան, միևնույն ժամանակում առաքեց Վենետիկ, այսօր 22-ն է, արտահերթ նիստ ենք անում և երկու ընթերցումով էլ ուզում ենք անցկացնել օրենքը: Ժողովուրդ, սա տոների և հիշատակների մասին օրենք չէ, սա Ընտրական օրենսգիրքն է»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում նոր Ընտրական օրենսգրքի նածագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ դեկտեմբերյան արտահերթ ընտրությունները անխուսափելի են, դրա մասին քաղաքական տրամաբանությունն է հուշում, բայց այս օրինագծի շուրջ քննարկումները պետք չի չվերածել ընտրությունների հարցի քննարկման։
«Եթե ասում եք՝ կա կոնսենսուս, ինչո՞ւ եք մեզ համոզում: Իմ և ժողովրդավարական ընկալման մեջ կա մի բան՝ կոնսենսուսն այնտեղ է, որտեղ հակադիր ուժերը համաձայնության են գալիս: Խորհրդարանում ներկայացված ուժերի նկատմամբ իմ ողջ հարգանքով հանդերձ, իշխանությունների հակադիր բևեռը Հանրապետականն է, որը այդ իշխանության մաս չի կազմել, համագործակցության հուշագիր չունի: Ի՞նչ կոնսենսուս առանց արմատական ընդդիմության: Կարո՞ղ եք ինձ բացատրել: Եթե կարող է լինել, եկեք մինուս ՀՀԿ արեք էլի, ինչի եք մեզ համոզում: Պետք չի մեզ համոզել, հարգելիներս, որովհետև մենք որևէ քաղաքական շահ չենք արտահայտում: Մեծ հարց է՝ Հանրապետականին ինչն է ձեռք տալիս՝ իջեցված ընտրական շե՞մը, չորրորդ կուսակցությունը, ռեյտինգայինի վերացո՞ւմը, թե՞ գործող Ընտրական օրենսգիրքը:
Ռեյտինգայինի շնորհիվ մենք մեծ ձայներ ստացանք, բայց այսօր այդ ձայներ բերածները մեզ հետ չեն համագործակցում, մեծ հարց է՝ մեզ պե՞տք է ռեյտինգայինը, ունե՞նք ռեսուրսներ, թե՞ ոչ, ո՞ւմ ենք դնելու էդ տարածքներում: Մենք այստեղ քաղաքական շահ չունենք: Մենք ունենք սկզբունքի հարց՝ կա եվրոպական քաղաքագիտական ժողովրդավարական կանոն, որն ասում է՝ փոխեք Ընտրական օրենսգիրքը, բայց ընտրություններից մեկ տարի առաջ: Հարգելի կառավարություն, կարող եք անցկացնել այս նախագիծը առանց ՀՀԿ-ի, իմ հաշվելով՝ ունեք 65 ձայն, բայց քաղաքական կոնսենսուս չի լինի, եթե դա անցկացնեք նման կերպ: Այսպես աշխատելով՝ դուք երկիրը վտանգի տակ եք դնում: Հայաստանի ժողովրդավարության տակ ական մի դրեք»,- ելույթը եզրափակեց Աշոտյանը։
Նա, դիմելով արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, խնդրեց. «Մի օգտագործեք այն փաստարկը, որը վերաբերում է կայուն քաղաքական մեծամասնությանը»։
Աշոտյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը չընդունելու հարցում Հանրապետականը քաղաքական շահ չունի։
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն էլ իր ելույթում հակադարձեց Աշոտյանի այն ասածին, թե ՀՀԿ-ն քաղաքական շահ չունի։
«Հանրապետականը ունի քաղաքական շահ, ցանկանում են ներկայացել, որ պրոցեսը ժողովրդավարական չէ, ներառական չէ ու հապշտապ է։ Բայց դա այդպես չէ, ամառվանից սկսած՝ քննարկումներ են ընթանում, և խորհրդարանական խմբակցությունները ակտիվ մասնակցել են քննարկումներին: Խնդիրն այն է, որ Հանրապետականի առաջարկները իրատեսական չեն եղել։ Նրանք ուզում էին, գրանցումից բացի՝ նաև քվեարկությունը սարքով տեղի ունենա, կամ քվեարկությունը լինի միայն նույնականացման քարտով։ Ներկայացրած առաջարկների իրագործման համար պետք էր ռեսուրս և ֆինանս, դրա համար այդ առաջարկները չընդունվեցին», - ասաց Նազարյանը։
«Ելք» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ այն փաստարկները, թե ժամանակ է պետք առաջարկներ ներկայացնելու համար, ընդամենը պատճառաբանություններ են, որ ցույց տան՝ պրոցեսը ժողովրդավարական չէ։
Հարակից հրապարակումներ`
- Ուզեք, թե չուզեք, դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նարիա Զոհրաբյան
- Ցանկացած դեպքում պետք է հատուկ նիստ հրավիրվի. Արփինե Հովհաննիսյան
- ՀՅԴ-ն կմասնակցի ընտրություններին
- Հանրապետական խմբակցությունը կողմ չէ ԸՕ նախագծին
- ԱԺ-ն չընդունեց ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումը
- Մարդիկ կոմպոտ «զակատ անելուն» ավելի երկար են պատրաստվում, քան ԱԺ-ում ուզում են ԸՕ անցկացնել. Աշոտյան
- Պատգամավորները դժգոհ են ԸՕ հապշտապ քննարկման ռեժիմից
- Բաբլոյան. Նույնիսկ ԱԺ-ն ցրելու համար պետք է պարկեշտ աշխատանք իրականացնել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան