Բացարձակապես չէի ակնկալում, որ որևէ երկրի համար Վենետիկի հանձնաժողովը կփոխի մոտեցումը. Հովհաննիսյան
«Մի շարք գործոններ հաշվի առնելով՝ ՀՀԿ խմբակցությունը կողմ չէ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված փոփոխություններին։ Դրա հիմքում ընկած են մի շարք պատճառներ։ Պատճառներից ամենահիմնականն այն հապճեպությունն է, որով ԸՕ փոփոխությունները ներկայացվել են։ Թե Վենետիկի հանձնաժողովի, թե ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եզրակացությունն այս հարցի կապակցությամբ չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
«Փաստենք, որ այդ մարմիններն առաջին անգամ պաշտոնական կարծիք ԸՕ-ի նախագծի վերաբերյալ չեն ներկայացրել։ Պետք է այս ամենը դիտարկել Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության վերապահմանը վերաբերող հատվածից, որտեղ նա գնահատական է տալիս փոփոխությունների բնույթին։ Սա ամենաէականն է։
Մի դեպքում բառացիորեն խոսքը խոշոր փոփոխությունների մասին է, մյուս դեպքում՝ մնացած փոփոխություններն, ըստ էության, պետք է համարել ոչ խոշոր փոփոխություններ։ Ուրեմն, էական փոփոխությունների հետ կապված՝ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, այն է՝ այդպիսի փոփոխությունները պետք է կատարվեն այնպիսի ժամակահատվածում, որպեսզի քաղաքական ուժերը ժամանակ ունենան։ Ես բացարձակապես չէի ակնկալում, որ որևէ մեկի, որևէ երկրի համար Հանձնաժողովը կփոխի տարիներ շարունակ մշակված մոտեցումը։ Սա նորմալ է, և իրենք չէին էլ փոխելու մոտեցումը»,- նշեց խորհրդարանականը։
Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ ինչ վերաբերում է այն փոփոխություններին, որոնք Հանձնաժողովը ողջունել է, դրանց մի էական մասը ողջունել են նաև իրենք։ Նրա համոզմամբ՝ այդպիսի փոփոխությունները կարող էին կատարվել նույնիսկ առանց Վենետիկի հանձնաժողով ուղարկվելու։
«Ֆրակցիան կողմ չի լինելու։ Ֆրակցիայի առանձին անդամների վերաբերյալ դիրքորոշում չեմ ուզում հայտնել։ Կողմ չլինելը կարող է արտահայտվել տարբեր ձևերով՝ քվեարկությանը չմասնակցելով, դեմ քվեարկելով»,- ասաց նա։
Հարցին՝ անձամբ կո՞ղմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն, Արփինե Հովհաննիսյանը այս պահին նպատակահարմար չգտավ բարձրաձայնել իր տեսակետը՝ նկատելով, որ իր փաստարկված դիրքորոշումը կհայտնի ավելի ուշ։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչպես կմեկնաբանի ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն խոսքերը, որ ՀՀԿ-ի՝ ընտրություններին դաշինքով մասնակցելը քննարկելու թեմա է։
«Ավելացնելու շատ բան չունեմ, ավելի ուշ շրջանի քննարկման թեմա է, տեսնենք, շատ երկար չի մնացել սպասելու»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
Հաջորդ ճշգրտող հարցին՝ հնարավոր է վաղը ՀՀԿ խմբակցությունն անակնկալ անի և վարչապետի թեկնածու առաջադրի, Արփինե Հովհաննիսյանը շեշտեց՝ իրենք, նախապես խոստացածի համաձայն, անակնկալներ չեն մատուցելու։
«Անակնկալներ՝ թեկնածու առաջադրելու տեսքով, բնականաբար, չեն սպասվում»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ կոմպոտ «զակատ անելուն» ավելի երկար են պատրաստվում, քան ԱԺ-ում ուզում են ԸՕ անցկացնել. Աշոտյան
- Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան