Փաշինյան. Հայաստանն աճի կայուն տեմպեր է արձանագրում ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրի առումով
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը:
Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը ողջունել է «Եվրասիական շաբաթ» 3-րդ ֆորումի մասնակիցներին և կարևորել Երևանում դրա անցկացումը:
«Այս փուլում Հայաստանում տեղի է ունենում քաղաքական և տնտեսական համակարգի խորը տրանսֆորմացիա, ձևավորվում է ակտուալ տնտեսական և քաղաքական օրակարգ: Ակնհայտ է, որ այն շատ առումներով որոշվում է նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը հաշվի առնելով: Այս համատեքստում կարծում եմ, որ համաժողովը լավ հարթակ է՝ ինտեգրացիոն գործընթացի միջանկյալ արդյունքներն ամփոփելու համար, հատկապես ԵԱՏՄ խորհրդի նախագահությունը Հայաստանին անցնելու շեմին: Մենք արդեն սկսել ենք հարցերի քննարկումը, որոնք մտադիր ենք առաջարկել որպես առաջնահերթություններ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանում», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համաժողովը նաև հնարավորություն կտա քննարկել ԵԱՏՄ երկրների գործարար շրջանակներին հուզող խոչընդոտները և մշակել գործուն միջոցներ դրանց վերացման համար:
«Վստահ եմ, որ «Եվրասիական շաբաթ»-ը կդառնա այն հարթակը, որտեղ կկնքվեն պայմանագրեր, կքննարկվեն հնարավոր համատեղ ծրագրերը, և կհաստատվեն նոր գործարար կապեր: Ուրախալի է, որ համաժողովին այսօր մասնակցում են ավելի քան 300 հայաստանյան ձեռնարկություններ, որոնք պատրաստ են եվրասիական գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությանը, ներդրումների ներգրավմանը և գործընկերային հարաբերությունների հաստատմանը», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նման ներկայացվածությունը վկայում է համաժողովի նկատմամբ մեծ հետաքրքրության և կոնկրետ որոշումների կայացման կարևորության մասին:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանն աճի կայուն տեմպեր է արձանագրում ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրի ծավալի և համագործակցության առումով, որի ցուցանիշներն ինքնին խոսուն են:
«Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող մատակարարումների ծավալը 2018թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 31.3 տոկոսով՝ կազմելով 351.9 մլն ԱՄՆ դոլար: Ուրախ եմ արձանագրել, որ աճը ձևավորվում է գործնականում բոլոր անդամ երկրների շուկաների հաշվին: Դա խոսում է ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում առևտրային համագործակցության զարգացման, այլև ԵԱՏՄ-ում Հայաստանի կայուն մասնակցության մասին, որն արդեն ակտիվորեն ազդում է տնտեսական ակտիվության և ներմուծման-արտահանման վրա», - նշել է նա:
ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է մի շարք առանցքային հարցերի վրա՝ կարևորելով ֆորումի շրջանակում դրանց հանգամանալից քննարկումը։
Ըստ աղբյուրի, Նիկոլ Փաշինյանը նաև շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, մասնակից ընկերությունների գործունեությանը, նորարարական ներուժին և զարգացման ծրագրերին:
«Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը կազմակերպվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ: Այն ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։ Ֆորումին մասնակցում է ԵԱՏՄ-ից շուրջ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերություն: Իսկ ցուցահանդեսում ներկայացված է լինելու ԵԱՏՄ երկրների՝ արտահանող և արտահանման ներուժ ունեցող ընկերությունների արտադրանքը գյուղմթերքի վերամշակման, սննդարդյունաբերության, թեթև արդյունաբերության, դեղագործական, շինանյութերի արտադրության, ոսկեգործության և այլ ոլորտներից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում