Մոյկան, խաղասրահն ու հանդիսությունների սրահը՝ ընտրատեղամաս
ՏԻՄ հերթական ու արտահերթ ընտրություններն այս անգամ աչքի են ընկել ընտրատեղամասերի գտնվելու վայրի «բազմազանությամբ»։ Սովորաբար, ընտրատեղամասերը տեղակայված են լինում տվյալ համայնքի դպրոցումներում, մանկապարտեզներում կամ ակումբի շենքերում։
Սպասվում էր, որ դպրոցներ-մանկապարտեզները քաղաքականությունից հեռու պահելու ձևերից մեկն էլ այդ շենքերից ընտրությունները տեղափոխելն էր: Բայց արի ու տես, որ ցանկն ընդլայնվել է։ Նախօրեին կայացած ընտրություններին ընտրատեղամասեր են բացվել նաև հասարակական սպասարկման օբյեկտի շենքում՝ մասնավորապես «մոյկայում»։
Երեկվանից «Ֆեյսբուք» սոցիակալան ցանցում ավտոլվացման կետում բացված ընտրատեղամասի լուսանկարն է շրջանառվում՝ որպես էպիկ նկար։
Panorama.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հետաքրքրվեց՝ թե ընտրատեղամասերի հասցեներն ում կողմից է հաստատվում ու վերահսկվում։
«Համայնքի ղեկավարն է սահմանում ընտրատեղամասի հասցեն, այն ԿԸՀ գործառույթների շրջանակում չէ»,- մեզ հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը։
Նա նշեց նաև, որ ԿԸՀ կայքում բոլոր ընտրությունների ժամանակ տեղադրված է լինում ընտրատեղամասերի գտնվելու վայրերի ու շենքի մասին տեղեկատվությունը։
Ուսումնասիրելով տվյալը փաստաթուղթը, տեսնում ենք, որ բացի վերը նշված «մոյկայից», որը գտնվում է Հրազդան քաղաքում, Կապան քաղաքում երեք ընտրատեղամաս է եղել՝ համապատասխաբար հասարակական նշանակության շենքում, հանդիսությունների սրահում և խաղասրահի շենքում։