Վերադարձ անցյալին չկա և չի լինելու. Փաշինյան
«Քիչ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած քվերակությամբ տապալվեցին Ընտրական օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունները»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Ընդ որում, հարկ եմ համարում նշել, որ առաջարկվող փոփոխությունները ԸՕ-ն առավել ժողովրդավարական, ավելի պարզ դարձնելու նպատակ ուներ և ժողովրդի ընտրությունը հեշտացնելու խնդիր ուներ»:
Նրա քաղաքական գնահատականը հետևյալն է՝ այս քվերակությամբ ԱԺ-ն ևս մեկ անգամ ի ցույց դրեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են և առանց արտահերթ ընտրությունների չեն կարողանա որևէ քայլ անել. «Ըստ էության, այսօրվա քվերակությունը ցույց տվեց իրերի իրական դրությունը, երբ խորհրդարանական մեծամասնությունը և նրա կողմնակիցներն ամեն ինչ անում են սաբոտաժի քաղաքականություն վարելու համար, որը վերջին 20 օրվա ընթացքում մի քանի անգամ ակնհայտ երևաց: Նրանք հույս ունեն, որ այս ճանապարհով խորհրդարանական արտահերթ ընտրությունները կկարողանան վերածել ռևանշի գործիքի»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե անգամ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան գործող ընտրական օրենսգրքով, ապա միևնույն է որևէ բան չի փոխում, քանի որ ժողովրդի հաղթանակը անխուսափելի է և ժողովրդի հաղթանակը որևէ մեկը չի կարող նրա ձեռքից վերցնել:
«Վերադարձ անցյալին չկա և չի լինելու: Այնպես որ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, կոչ եմ անում իշխանափոխությունը հասցնել իր վերջնական հանգրվանին, կոչ եմ անում պատրաստվել հեղափոխությունը վերջնական հանգրվանին հասցնելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ ինչ ընտրական օրենսգրքով էլ անցնեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ժողովրդի հաղթանակն անխուսափելի է և ռևանշ չի լինելու։
«Դուխով, գլուխներդ բարձր, հեղափոխությունը շարունակվում է և անխուսափելիորեն հասնելու է իր վերջնական հանգրվանին։ Դեկտեմբերին տեղին են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ ժողովուրդը հաղթելու է անխուսափելիորեն։ Այսօրվա քվեարկությունը ցույց տվեց, որ այս կառավարությունն իր ձևավորման առաջին օրվանից աշխատում է սաբոտաժի մթնոլորտում և հիմա փորձ է արվում այդ սաբոտաժը հասցնել իր վերջնական հանգրվանին։ Բայց սաբոտաժն իր վերջնական հանգրվանին չի հասնի, վերջնական հանգրվանին կհասնի հեղափոխությունը, ժողովրդի հաղթանակը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում չընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացած օրենքների և նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագիծը ձայների 56 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ չընդունվեց:
Հարակից հրապարակումներ`
- Ցավում եմ, որ ՀՀԿ-ականները որոշեցին վերջում ևս մի վատություն անել քաղաքական դաշտին. Սիմոնյան
- ԱԺ-ում չընդունվեց նոր Ընտրական օրենսգիրք նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին