Պատգամավորները դժգոհ են ԸՕ հապշտապ քննարկման ռեժիմից
«Ես չեմ հիշում, որ Ընտրական օրենսգիրքը երբևէ այսպիսի հապշտապությամբ որևէ ԱԺ-ում ընդունվեր, երբ որ տեղի են ունենում իսկապես արմատական փոփոխություններ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում մտահոգություն հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Դիմելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին՝ նա հարցրեց. «Պարոն Զեյնալյան, Դուք նորմա՞լ եք համարում, որ սահմանադրական օրենքը, Ընտրական օրենսգիրքն ընդունվի այսպիսի հապշտապ ռեժիմով, առաջին ընթերցումն այսօր անենք, երկրորդ ընթերցումը վաղը, երբ որ ակնհայտ է, որ բազմաթիվ հարցեր կան, որոնք քննարկելու առարկան են և համաձայնության գալու խնդիր էլ կա»։
Զեյնալյանը պատասխանեց. «Սովորական, բնականոն պայմաններում կհամաձայնվեի Ձեզ հետ, որ ԸՕ-ն և ցանկացած այլ իրավական ակտ ցանկալի կլինի ավելի երկար քննարկել, թողնել հասունանա, դրա վերաբերյալ մտքերը խմորվեն, և ընդունվի հնարավորինս անթերի իրավական ակտ։ Սակայն, կարելի է ասել, երկրում իրավիճակը ֆորսմաժորային է, և այս համատեքստում է, որ այսպիսի լուծում է առաջարկվել»։
ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ ասաց. «Պարոն Զեյնալյան, ես Ձեզ ճանաչում եմ որպես ժողովրդավար և ժողովրդավարական սկզբունքների համար պայքարող, ինձ համար զարմանալի է այն, ինչ Դուք հիմա ասում եք»։
Պատգամավորի կարծիքով՝ ֆորսմաժորային իրավիճակ չկա, այն ուղղակի արհեստական ստեղծվում է։
Նույն խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ առաջարկեց առաջին ընթերցումից հետո երկու-երեք օր ժամանակ վերցնել, քննարկումներ կազմակերպել, քանի որ այս օրենսգրքի շուրջ քաղաքական առողջ բանակցությունների անցկացումը շատ էական է:
«Մենք սոփեստաբար տրամադրված չենք։ Այս 24-ժամյա ռեժիմը տեխնիկական հաշվարկի արդյունք է. Արդյո՞ք կարող ենք մենք նվազագույն ժամկետները գումարելով տեղավորվել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրողության մեջ։ Ժամանակի մեջ չենք կարողանում տեղավորվել, դրա համար էլ նման արագությամբ են կազմակերպվում քննարկումներն ու ընդունումը»,- արձագանքեց նախարարի պաշտոնակատարը։
Այնուամենայնիվ, Զեյնալյանն ասաց, որ եթե ընդմիջման հնավորություն ունեն, հիմա կքննարկեն և գուցե հանդես գան երկու կամ երեք օր պատուհան ստեղծելու հայտարարությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Բաբլոյան. Նույնիսկ ԱԺ-ն ցրելու համար պետք է պարկեշտ աշխատանք իրականացնել
- ԸՕ վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումը կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին
- ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում կքննարկի ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին