Պետք է միասնաբար պայքարենք ռազմական հռետորաբանության և այլատյացության ցանկացած դրսևորման դեմ. Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՌԴ աշխատանքային այցի շրջանակում այսօր Մոսկվայի պետական պատմության թանգարանում հանդիպել է Ռուսաստանի պատմական միության նախագահության անդամ, «Հայրենիքի պատմություն» ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Մոգիլևսկու հետ:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական դարավոր դաշնակցային հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Զրուցակիցները կարևորել են երկու բարեկամ ժողովուրդների պատմությանը նվիրված համաժողովների անցկացումը և այդ համատեքստում ընդգծել այս տարի Մոսկվայում հայ-ռուսական ռազմական եղբայրությանը նվիրված միջոցառման կազմակերպումը, որի թեման կլինի Հայրենական մեծ պատերազմում հայերի մասնակցությունը:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ դեռևս Կիևյան Ռուսիայի ժամանակաշրջանում երկու ժողովուրդների միջև ձևավորվել են տնտեսական, ռազմական, քաղաքական և մշակութային կապեր, հայերը մեծ մասնակցություն են ունեցել թե Ռուս-թուրքական, թե Հայրենական մեծ պատերազմներում, բազմաթիվ հայ գեներալներ ու սպաներ իրենց ուրույն մասնակցությունն են ունեցել ռուսական կայսրության հզորացման գործում:
«Անգնահատելի է հայ ժողովրդի զավակների ներդրումը Ռուսաստանի հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքում: Հայ ժողովրդի զավակներն էական ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում: Հայրենական մեծ պատերազմում վեց հարյուր հազարից ավելի հայորդիներ մեկնեցին ռազմաճակատ, որից երեք հարյուր տասնչորսը զոհվեցին: Մենք պետք է միասնաբար պայքարենք ֆաշիզմի, ռասիզմի, ռազմական հռետորաբանության և այլատյացության ցանկացած դրսևորման դեմ»,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան