Վրաստանի նախագահի թեկնածուն ու ևս 10 մարդ ձերբակալվել են՝ կանեփի փառատոնի ժամանակ
Հոկտեմբերի 20-ին Վրաստանի ընդդիմադիր «Girchi» կուսակցության հիմնադիր և նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեն ձերբակալվել էր ոստիկանության կողմից՝ կանեփի օրինականացման փառատոնի ժամանակ, որը կազմակերպվել էր նրա կուսակցության կողմից Թբիլիսիի Դեդաենա այգում։ Ձերբակալվել էր փառատոնի ևս 10 մասնակից։ Այս մասին հայտնում է Georgia Today-ը։
Ջափարիձեն ձերբակալվել էր հավաքվածներին «կանեփ» բաժանելուց հետո։ Նա ասել է, որ ոստիկանության գործողություններն օրինական չեն։
Փառատոնը շարունակվել է՝ չնայած Վրաստանի օրենսդրությամբ անօրինական լինելուն։ Ներքին գործերի նախարարությունը փառատոնը բնութագրել է որպես «կազմակերպված հանցագործություն կատարելու մտադրություն»։
Հուլիսին մարիխուանայի ապաքրեականացումից հետո կանեփի թեման Վրաստանի քաղաքական դեբատների կենտրոնում է։
Ջափարիձեն ու մյուս ձերբակալվածները հաջորդ օրն ազատ են արձակվել հարցաքննությունից հետո։