ԱԺ-ի դիմաց պահանջում են՝ համաներումը տարածվի նաև ցմահ դատապարտվածների վրա
ԱԺ դիմաց բողոքի ակցիա են անցկացնում ցմահ դատապարտվածների հարազատները։ «Օրենքի գերակայություն, ոչ զգացմունք», «Հետաձգված արդարությունը մերժված արադարությունն է» այս ու այլ կարգախոսներով ցուցապաստառներ բռնած նրանք պահանջում են ազատություն հարազատներին։
Փաստաբան Արայիկ Պապիկյանը, քաղաքագետ Արմեն Աղայանը, Ջավախքից հասարակական գործիչ Վահագն Չախալյանը ևս մասնակցում են բողոքի ակցիային։
«Այսօր Ազգային ժողովում քննարկվելու է համաներում հայտարարելու վերաբերյալ օրինագիծը։ Մենք ցանկանում ենք, որ քննարկման առարկա դարձնեն նաև ցմահ դատապարտվածների նկատմամբ համաներումը»,-ասաց փաստաբանը։
Իրավապաշտպան Պապիկյանը կարծիք հայտնեց, որ համաներումը պետք է տարածվի ավելի շատ մարդկանց վրա, քան ԱԺ ներկայացված նախագիծն է սահմանում։ Նա համարում է, որ ազատության մեջ պետք է հայտնվեն նաև այն մարդիկ, ովքեր արդեն 20 տարի բանտում են։
«Նրանք պետք է հնարավորություն ունենան ազատության մեջ հայտնվեն, մենք գիտենք, որ մեր ՔԿՀ-ները բացառապես պատժիչ բնույթ ունեն։ Այդ մարդկանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու, սոցիալական արդարությունը վերականգնելու առումով պետությունը երբեք իր պարտավորությունները չի կատարել։ Ես կարծում եմ, դա անելու ամենահարմար պահն է հիմա»,-ասաց Պապիկյանը։
Փաստաբանն ասում է, տեսել է նախագիծը, այնտեղ ասվում է, որ համաներումը չի տարածվելու ցմահ դատապարտվածների վրա։
Արմեն Աղայանն էլ կարծիք հայտնեց, որ մեծ թվով ցմահ ազատազրկվածներ հանցանքը գործել են մինչև 21 տարեկանը, ցմահ ազատազրկվածներ կան, որ մահապատժի են դատապարտվել, նրանց ևս պետք է վերաբերի, կան նաև հաշմանդամություն ունեցողներ։
«Կատեգորիաները բազմաթիվ են, որոնց արժե այսօր ներման հնարավորություն տալ, քանի որ կուտակվել է այս ամենը, լավ կլիներ, որ նրանց վրա տարածվեր համաներումը, ոչ թե գործերն առանձին-առանձին քննվեն»,-ասաց Աղայանը՝ առաջարկելով, օրինագծում փոփոխություններ կատարել։
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման իջած «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը խոստացավ ճշտել արդարադատության նախարարից՝ հնարավո՞ր է վերանայել, փոփոխություններ իրականացնել օրինագծում։ Նա հիշեցրեց, որ այն տարածվում է թեթև ու միջին ծանրության հանցանք կատարածների վրա։
«Ես կխոսեմ նախարարի հետ, հասկանամ, թե ինչ կարելի է անել, երբ խոսքը վերաբերում է ծանր հանցագործություն կատարածներին, հասկանում եք, չէ՞, որ մյուս կողմն էլ կա, տուժողներ կան, մեկի երեխան է մահացել այդ հանցագործության հետևանքով»,-ասաց պատգամավորը։
Ալեն Սիմոնյանն առաջարկեց իրեն փոխանցել դատապարտյալների տվյալները, քրեական գործի վերաբերյալ մանրամասներ, որպեսզի կարողանա առարկայական քննարկում ունենալ նախարար Զեյնալյանի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Իշխանյան. Համաներումը պետք է տարածվի նաև զինվորական հանցագործությունների համար ցմահ դատապարտվածների վրա
- Ամենածավալուն համաներումն է. Արտակ Զեյնալյան
- Համաներումը լավ բան է, բայց ոչ միշտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան