43 ուսանող և աշակերտ արժանացան ՀՀ պետական կրթական մրցանակի
ՀՀ վարչապետի նստավայրում այսօր տեղի ունեցավ 2018 թվականի ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակին արժանացած լավագույն ուսանողների և աշակերտների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Վարչապետը մրցանակակիրներին հանձնեց տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները: Յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացան նաև հուշախորհրդանիշներ և դրամական պարգևներ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորելով կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին՝ նշեց, որ շնորհակալության և ջերմ խոսքերի են արժանի նաև մրցանակաբաշխության կազմակերպիչներն ու հովանավորները, որոնք տարիներ շարունակ մեծ ու կարևոր գործ են անում մեր ընդհանուր ապագայի համար:
«Մրցանակակակիրներից շատերի համար սա առաջին մասնագիտական հաջողությունն է: Մաղթում եմ Ձեզ, որ դուք ձեր հետագա կյանքում զարգացնեք այս հաջողությունը ձեր մասնագիտական ողջ գործունեության ընթացքում: Մեր հասարակության մեջ վաղուց կա այն գիտակցումը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեզանում պետք է ունենա զարգացման առաջանցիկ տեմպեր, պետք է դառնա մեր գիտարար տնտեսության կարևոր հենասյուններից մեկը: Դա պայմանավորած է ոչ միայն և ոչ այնքան մեր երկրի բնական պաշարների սակավությամբ, որքան ժամանակակից աշխարհի հետ համաքայլ գնալու անհրաժեշտությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ նշեց, որ ՏՏ ոլորտի դերը տնտեսական զարգացման գործում ուշագրավ է, վերջին տարիներին արձանագրվել է 20-25 տոկոս աճ, իսկ գործող ընկերությունների թիվն արդեն հասնում է 800-ի: «Այս ընկերությունների մեծ մասում աշխատում են շնորհաշատ երիտասարդներ, որոնցից շատերը նաև այս մրցանակաբաշխության հաղթողներից են»,- ասաց նա՝ հավելելով, որ ի սկզբանե այս մրցանակաբաշխության նպատակն էր խրախուսել և բացահայտել լավագույն ուսանողներին և աշակերտներին, տաղանդավոր երեխաներին, որոնք նաև հետագայում սովորում են աշխարհի լավագույն համալսարաններում:
Նշենք, որ այս տարի ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական պարգևին արժանացել են 25 ուսանող և 18 աշակերտ հանրապետության ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն ունեցող 6 բուհից և 8 ավագ դպրոցներից: Մինչ այսօր ՏՏ ոլորտում տարբեր անվանակարգերում կրթական պարգևին արժանացել են 489 ուսանող և աշակերտ:
Այս տարի առաջին անգամ հանձնեցին նաև Գլխավոր մրցանակ, որի համար սահմանված է 1200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Սահմանված են նաև հետևյալ անվանակարգերը՝ «Լավագույն ասպիրանտ», որի առաջին կարգի մրցանակը կազմում է 1000 դոլարին համարժեք դրամ, իսկ երկրորդ կարգի դեպքում՝ 750 դոլարին համարժեք դրամ, «Լավագույն մագիստրանտ»՝ առաջին կարգ՝ 750 դոլարին համարժեք դրամ, իսկ երկրորդ կարգի համար՝ 500 դոլարին համարժեք դրամ: «Լավագույն բակալավր» անվանակարգում առաջին կարգի մրցանակի համար սահմանվել է 500 դոլարին համարժեք դրամ, երկրորդ կարգի համար՝ 400 դոլար համարժեք դրամ: «Լավագույն սփյուռքահայ ուսանող»-ի առաջին կարգի համար սահմանվել է 750 դոլարին համարժեք դրամ, երկրորդ կարգի համար՝ 500 դոլար:
«Լավագույն աշակերտ» անվանակարգի համար սահմանվել է 100 դոլարին համարժեք դրամ: «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր» և «Լավագույն աշակերտ» անվանակարգերում մրցանակները նախատեսված են յուրաքանչյուր կրթական հաստատության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները