Վահե Գրիգորյանը չի հավատում, որ ՍԴ-ն իր հին կազմով տրանսֆորմացիայի կենթարկվի
Ազգային ժողովն այսօր քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու է առաջադրվել փաստաբան Վահե Գրիգորյանը։
Թեկնածուին ներկայացրեց Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Էմիլ Տարասյանը։ Կենսագրական տվյալներ ներկայացնելով, նա նշեց, որ Գրիգորյանը համապատասխանում է Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ դատավորին ներկայացվող պահանջներին։
Այնուհետև պատգամավորները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել թեկնածու Վահե Գրիգորյանին։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե նա հավատո՞ւմ է, որ նոր քաղաքական իրավիճակում իր այս կազմով Սահմանադրական դատարանը կդադարի իշխանության կցորդ լինել, ինչպես եղել է նախկինում։
«Ես՝ որպես նախկին լրագրող, երկար տարիներ տեսել եմ, թե ինչպես է Սահմանադրական դատարանը կատարել իշխանությունների պատվերը, այսինքն՝ մշտապես եղել է գործող իշխանությունների կցորդը։ Դուք նման տրանսֆորմացիաների հավատո՞ւմ եք, որոնց մտածելակերպը, ես չեմ պատկերացնում, ինչպես կարելի է փոխել», - նշեց Զոհրաբյանը։
Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ, ես չեմ հավատում»։
«Ես միանում եմ ձեր «ոչ»-ին, Դուք միանգամայն իրավացի եք»,- արձագանքեց պատգամավորը։