Տեղեկատվական տեխնոլոգիաները կերտում են ապագան. հայտնի են ՏՏ ոլորտի լավագույն աշակերտներն ու ուսանողները
«Ինձ համար այս մրցանակը մեծ նշանակություն ունի, քանի որ իմ ապագան տեսնում եմ հենց ՏՏ ոլորտում»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Լավագույն աշակերտ» անվանակարգում մրցանակի արժանացած Բագրատ Խաչունցը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Բագրատ Խաչունցը սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում: «Այս մրցանակը տալիս են այն աշակերտներին ու ուսանողներին, որոնք որոշակի գիտելիքներով կամ նախագծերով աչքի են ընկել ՏՏ ոլորտում, կամ ՏՏ ոլորտի խորը գիտելիքներ ունեն, ինչը շատ կարևոր է այսօր»,- ասում է ավագ դպրոցի աշակերտը:
Բագրատն իր ապագան պատկերացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և միայն Հայաստանում: «Եթե բոլորը գնան, մեր երկիրն ո՞վ պետք է զարգացնի: Երիտասարդները հենց նրա համար են, որ իրենց գիտելիքները ներդնեն երկրի զարգացման գործում, ցանկացած հայ իր կարողությունների չափով պետք է աջակցի մեր երկրին»,- նշում է մրցանակակիրը:
Բագրատի դասընկերը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի աշակերտ Միքայել Սաղաթելյանը նույնպես արժանացել է մրցանակի: Նա իր ստացած պարգևը համարում է նոր մեծ հնարավորությունների սկիզբ: Հաստատ որոշել է, որ ծրագրավորող է դառնալու: «Ես պլաններ ունեմ հետագայում աշխատել հենց այս ոլորտում: Կարծում եմ՝ հաջողությունների կհասնեմ»,- ասում է Միքայել Սաղաթելյանը:
Այս տարի առաջին անգամ հանձնեցին նաև Գլխավոր մրցանակ, որին արժանացավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ասպիրանտ Ռաֆայել Գրիգորյանը: «Մրցանակը միանշանակ պարտավորեցնող է, այն ինձ միշտ հիշեցնելու է, որ ինձ հավատում են: Սպասելի էր, որ հնարավոր է ինչ-որ մրցանակի արժանանամ, բայց Գրան Պրին անսպասելի էր»,- մեզ հետ զրույցում նշում է Ռաֆայելը:
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը հայտարարել է գերակա, ինչը նշանակում է՝ հիմքը կա, բայց կա նաև ահռելի մեծ աշխատանք, որ պետք է նյութականացվի. «Մենք ունենք պոտենցիալ, պարզապես պետք է ուսումնական ծրագրերն ավելացնել, որ ավելի շատ մարդ ներգրավեն, ի վերջո տեղեկատվական տեխնոլոգիաները կերտում են ապագան»:
«Լավագույն մագիստրանտ» անվանակարգում մրցանակի է արժանացել ժամկետային զինծառայող Վարդան Պետրոսյանը: Նա մագիստրատուրան ավարտելուց հետո այս տարվա ամռանը զորակոչվել է բանակ: Ծառայում է ԶՈւ կապի վարչության արդի տեխնոլոգիաների մշակման խմբում: «Մասնագիտական գիտելիքներով փորձում եմ օգտակար լինել մեր բանակին: Այս մրցանակը նաև հաջողության նշան է, որ ճիշտ ուղու վրա ես գտնվում, որ պետք է խորացնել գիտելիքները: Եթե պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է, նշանակում է, որ ինչ-որ հատկանիշներ տեսել է: Դա նաև պարտավորեցնող է, որ էլ ավելի լավ մասնագետ դառնամ իմ երկրի համար»,- ասում է զինծառայողը:
Նշենք, որ ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական պարգևին են արժանացել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՍՀ) և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի (ԵՏԱ)« Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) համապատասխան ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև ԵՊՀ-ին առընթեր Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երևանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, ՀԱՊՀ- Երևանի ավագ դպրոցի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Այբ» ավագ դպրոցի աշակերտները:
Հարակից հրապարակումներ`
- ՏՏ ոլորտը պետք է ունենա զարգացման առաջանցիկ տեմպեր և դառնա տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. Նիկոլ Փաշինյան
- 43 ուսանող և աշակերտ արժանացան ՀՀ պետական կրթական մրցանակի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները