ՀՀԿ-ն երեկ հերթական անգամ ոչ թե իր ուժը, այլ անզորությունը ցուցադրեց. Զոհրաբյան
«Մամուլն ինքը գրում է, մամուլն ինձ ուղարկում է դեսպան, մամուլն այդ վերդիկտները կայացնում է, հետո խնդրում ինձ մեկնաբանել իրենց կայացրած վերդիկտները։ Որևէ նման քննարկում չկա, և ես սովորություն չունեմ պատերի տակ արվող խոսակցությունները մեկնաբանել»,- Panorama.am-ի թղթակցի հարցին ի պատասխան այսօր ԱԺ-ում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրին, թե ինքը շուտով եվրոպական երկրներից մեկում դեսպան է նշանակվելու։
Անդրադառնալով երկուշաբթի օրը ԱԺ արտահերթ նիստ գումարելու նպատակով իրենց և «Ելք» խմբակցության կողմից նախաձեռնված ստորագրահավաքին՝ պատգամավորը նշեց, որ արդեն իսկ 20 ստորագրություն է հավաքվել։
«Դուք գիտեք, որ 27 ստորագրություն է անհրաժեշտ արտահերթի նախաձեռնության համար։ Ես վստահ եմ, որ շատ ավելին կլինեն ստորագրությունները։ Մեր ամբողջ խմբակցությունը միանալու է, հույս ունեմ, որ դաշնակցությունը կմիանա։ ՀՀԿ որոշ պատգամավորներ, մասնավորապես՝ Մարտուն Գրիգորյանը, Շիրակ Թորոսյանը և այն պատգամավորները, որոնք կողմ էի արտահայտվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, կմիանան։ Նախաձեռնությունը շատ հստակ է։ Այն ընտրական օրենսգիրքը, որը երեկ ՀՀԿ-ի սաբոտաժի պատճառով առաջին ընթերցմամբ տապալվեց, մենք կրկին պատգամավորական նախաձեռնությամբ ներառում ենք օրակարգ, և ընթացակարգը նախատեսում է, որ ստորագրությունները քարտուղարությանը հանձնելուց հետո հինգերորդ օրը կարող է հրավիրվել արտահերթ նիստ։ Իսկ դա նշանակում է, որ երկուշաբթի կհրավիրվի արտահերթ նիստ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նույն օրակարգով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց՝ ուզում է հույս ունենալ և հորդորել ՀՀԿ-ին չփորձել վերջին անգամ սեպ խրել բարեփոխումների մեջ, որի փորձն արվել է խորհրդարանում։
«Ես միշտ առաջնորդվում եմ ռացիոնալ տրամաբանությամբ, բայց ցավոք սրտի շատ դեպքերում մեր խորհրդարանն առաջնորդվում է իռացիոնալ տրամաբանությամբ։ Ես հույս ունեմ, որ այս անգամ կհաղթի սթափ տրամաբանությունը, որ իրենք չեն առաջնորդվի մանր քինախնդրությամբ։ Այստեղ անգամ կուսակցական շահ չկա, իրենք ընդամենն առաջնորդվում են վերջին վատությունն անելու տրամաբանությամբ, ինչը ես համարում եմ անընդունելի։ Չգիտեմ ինչու՝ ես հույս ունեմ, որ երկուշաբթի օրը մենք կունենանք առաջին ընթերցմամբ ընդունված Ընտրական նոր օրենսգիրքը»,- նշեց խորհրդարանականը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն երեկ հերթական անգամ ոչ թե իր ուժը, այլ անզորությունը ցուցադրեց։
Ամփոփելով՝ Նաիրա Զոհրաբյանը հավաստիացրեց, որ երկուշաբթի իրենք կունենան մեկ բացակա՝ Հրանտ Մադաթյանը, ով մասնավոր այցով գտնվում է Ղրիմում։
Հարակից հրապարակումներ`
- «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք են նախաձեռնել՝ ԸՕ կրկին քննարկելու համար
- «Ժամանակ». Արտահերթ ընտրությունների ԲՀԿ ցուցակում չի լինի Նաիրա Զոհրաբյանը
- ԱԺ-ում չընդունվեց նոր Ընտրական օրենսգիրք նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին