Երևանի օրվա հետ կապված Զոհրաբյանի առաջարկը խառնաշփոթ է առաջացրել ԱԺ-ում
ԱԺ «Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել։
Պատգամավորն առաջարկում է հոդված 14.2-ում ավելացնել Երևանի օրը որպես տոն։
«Նայեցի մեր տոների ու տոնացույցների ցանկը, առաջիկայում երկրորդ նախաձեռնությամբ եմ հանդես գալու։ Ընդհանրապես պետք է վերանայել մեր տոների ու հիշատակի օրերի ցանկը, իմ վստահ համոզմամբ՝ բացառիկ դեպքերում է, որ պետականորեն կարելի է նշել տոն։ Չունենալ Երևանի օր՝ համարում եմ մեծ առումով նաև բարոյական հարց։ 2800-ամյա մեր քաղաքը պիտի ունենա իր օրը՝ որպես պետական տոն։ Հասկանում եմ՝ հարգանքը Երևանի հանդեպ չի որոշվելու, այն պետականորեն նշվում է, թե ոչ, քանի որ այստեղ արժեքային համակարգի խնդիր, մտածելակերպի խնդիր կա, բայց որ Երևանի արժեքը շատ մեծ է՝ որպես համայն հայության մայրաքաղաք, կարծում եմ, որ Երևանը պիտի ունենա իր օրը»,- ասաց պատգամավորը։
Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը։ Զոհրաբյանը նշեց, որ որպես նախագծի հեղինակ, իր համար ընդունել է կառավարության այն լրացումը, որ բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ կառավարությունն այդ օրը կարող է տեղափոխել։
«Երևանի օր չի լինելու ոչ աշխատանքային, քանի որ առանց այն էլ մենք ունենք ոչ աշխատանքային օրերի մի հսկայական բեռ»,- հավելեց պատգամավորը։
Հարակից զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց սեպտեմբերի 20-ի կառավարության որոշումը, որն ի տարբերություն հեղինակի՝ նախարարության հետ ունեցած քննարկումների, մի փոքր այլ բովանդակություն ունի։
«Կառավարությունը նպատակահարմար չի համարում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվող Երևանի օրը՝ որպես տոն օրենքով ամրագրումը և առաջարկում է գործող օրենքը թողնել անփոփոխ՝ այն հիմնավորմամբ, որ հարցն արդեն իսկ կարգավորված է ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի Երևանի օր նշելու մասին համար 822 որոշմամբ։ ինչը Երևանի օրը նշելու հարցում ապահովում է առավել ճկունություն»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Նաիրա Զոհրաբյանը Պապիկյանից հետաքրքրվեց, թե նախարարությունն ու կառավարությունը գլոբալ հակասություններ ունե՞ն, թե՞ ոչ։
Պապիկյանն ասաց, որ հակասության խնդիր չի տեսնում։
«Ձեր առաջարկությունը ՏԿԶ նախարարությունում քննարկվել է, մենք նաև ներկայացրել ենք, որ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, քանի որ նաև Թարգմանչաց տոնն է, առաջարկել էինք, որ օրը տեղափոխվի կիրակի, այս քննարկումը մենք ունեցանք կառավարության նիստում, որտեղ Ձեր առաջարկը մերժվեց։ Կառավարությունը նպատակահարմար համարեց առաջնորդվել այդ իսկ գոյություն ունեցող որոշմամբ»,- ասաց Պապիկյանը։
Զոհրաբյանը պնդեց, որ իր կողմից ներկայացված նախագիծը պետք է դրվի քվեարկության, քանի որ համապատասխան հանձնաժողովը ևս նախագծին տվել է դրական եզրակացություն։
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ Պետա-իրավական հանձնաժողովում հարցի քննարկմանը ինքը ներկա չի եղել, բայց տեղյակ է, որ հանձնաժողովը տեղեկացված է եղել կառավարության բացասական դիրքորոշման մասին, բայց նախագծին, տվել է դրական եզրակացություն։
«Հարգելի խորհրդարան, իրավիճակը մի փոքր անհարթ է, կառավարությունը տվել է բացասական, իսկ հանձնաժողովը դրական եզրակացություն»,- ասաց Հովհաննիսյանը։
Այնուհետև նախագծի հեղինակը խորհրդարան ներկայացրեց ՏԿԶ փոխնախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանից այսօր առավոտյան ստացած գրությունը, որտեղ նշված է. «Երևանի օր նշվում է հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը, և նախարարության ավելացում-առաջարկը՝ բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ՝ կառավարությունն այդ օրը կարող է տեղափոխել»։
Նախարարի պաշտոնակատար Պապիկյանն էլ ասաց, որ Տերտերյանը պարզաբանմամբ հանդես կգա, թե ինչ նամակի մասին է խոսքը։
Նա ևս մեկ անգամ վերահաստատեց կառավարության այն դիրքորոշումը, որ Երևանի օրվա հետ կապված պետք է ամեն ինչ թողնել նույնը։