ՀՀԿ-ն հստակ է թե իր քաղաքական դիրքորոշման, թե իր պատկերացումների մեջ. ԱԺ նախագահ
«Ես ուզում եմ, որ ազնիվ լինենք մեր պատկերացումներում, մեր դիրքորոշումներում և մեր հայտարարությունների մեջ։ Հստակ ես այսօր առոավոտյան պարոն Ուրիխանյանի հարցին պատասխանեցի, որ այս պահին արդեն ՀՀԿ-ն փոքրամասնություն է, և նույնիսկ քառասուն մարդ չկա խմբակցությունում։ Եվ դնել պատասխանատվությունն ընդդիմության վրա, որը համաձայն չէ այդ մոտեցմանը...»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ՀՀԿ-ն ինչպես կվարվի երկուշաբթի կայանալիք խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ։
«ՀՀԿ-ն հայտարարել է, որ չի ներկայացնի վարչապետի թեկնածու, չի խոչընդոտի դեկտեմբերի արտահերթ ընտրություններին, բայց պետք է ազնիվ լինել, որ ՀՀԿ-ն հստակ է թե իր քաղաքական դիրքորոշման, թե իր պատկերացումների մեջ։ Կա առնվազն 67-69 անձնավորություն, որոնք տվել են իրենց համաձայնությունները՝ մի մասը բանավոր, մի մեծ մասը՝ գրավոր, որ իրենք կաջակցեն և կանցնի։ Ցավալին այն է, որ մարդիկ, տալով այդ համաձայնությունը, միայն խոսքով են ասում, բայց իրականում չտվեցին»,- ասաց ԱԺ նախագահը։
Նա համոզմունք հայտնեց՝ նրանք, ովքեր չեն կատարել իրենց պարտականությունը, չեն եկել քվեարկության, հենց նրանց վրա է դրված ստորագրություններ հավաքելու և նորից արտահերթ նիստ գումարելու պարտականությունը։
«Ողջունում եմ, որ կառավարությունը երկրորդ անգամ ինքը չի գնացել հրավիրելու, այլ այդ հնարավորությունը տվել է նրանց, ովքեր չիրականացրեցին իրենց պարտավորությունները»,- նշեց նա։
Լրագրողների հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն ռեվանշի հնարավորություն է փնտրում, Բաբլոյանը պատասխանեց՝ նման բան չկա։
«Ես, որպես ԱԺ նախագահ, իրականացնում եմ իմ պարտականությունը, ապահովում եմ բնականոն աշխատանքը։ Երեկվա քվեարկության ժամանակ, ինչքան էլ որ ՀՀԿ խմբակցությունը չլիներ ուրախ, որ ես պետք է հետաձգեմ քվեարկությունը, ես տվեցի այդ հնարավորությունը՝ օրենքի աջակիցները գան, հավաքվեն և ցույց տան իրենց դիրքորոշումը։ Այդ առումով, իհարկե, ՀՀԿ խմբակցությունը որևէ ճնշում չգործադրեց իմ վրա և չփորձեց ինձ համոզել, որպեսզի ես հնարավորություն չտամ՝ սրանով ցույց տալով, որ չի խոչընդոտում արդար քվեարկությանը»,- նշեց ԱԺ նախագահը։
Ճշգրտող հարցին՝ ինչ է մտածում փոփոխված օրենսգրքով ընտրությունների գնալու մասին՝ Բաբլոյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով միայն, որ երբ քննարկեն, կորոշեն։
Իսկ ինչո՞ւ է դեմ քվեարկել Ընտրական օրենսգրքին, հետաքրքրվեցին լրագրողները։
«Որովհետև խմբակցությունն է որոշել։ Դրանք քաղաքական մոտեցումներ և դիրքորոշումներ են, և եթե ես ներկայացնում եմ ՀՀԿ խմբակցությունը, պարտավոր եմ ներկայացնել այն մոտեցումը, որը խմբակցությունն ունի։ Ես կաշկանդված չեմ, դրա համար էլ դրանով ցույց տվեցի, որ այն մարդիկ, ովքեր նվիրվածության խոսք էին տվել, գային և աջակցեին։ Սա քաղաքական պայքար է, սաբոտաժ չէ»,- նկատեց ԱԺ նախագահը։
Հարցին՝ ՀՀԿ-ն քաղաքական դաշտից դուրս չէ՞, Արա Բաբլոյանը հակադարձեց. «Բա այն ժամանակ էլ ինչո՞ւ էին ասում՝ թող ՀՀԿ-ն գա, աջակցի»։
Հարակից հրապարակումներ`
- Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրությունը հավաքվել է
- «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք են նախաձեռնել՝ ԸՕ կրկին քննարկելու համար
- ԱԺ-ում չընդունվեց նոր Ընտրական օրենսգիրք նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան