Երվանդ Վարոսյան. Նման արտահայտություններ երկրի առաջին դեմքի շուրթերից չպետք է հնչեն
Փաստաբան Երվանդ Վարոսյանին մտահոգել են այսօր ԱԺ-ում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մի քանի հայտարարություններ։
Հիշեցնենք, Փաշինյանն այսօր հայտարարեց, որ պատգամավորներից մեկի անունը կապված է խոշոր կաշառքի գործի հետ, «այն արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, պատգամավորն էլ կալանավորվելու է»։
«Նման արտահայտություններ երկրի առաջին դեմքի շուրթերից չպետք է հնչեն, նման հայտարարություն կարող է կատարել քննչական մարմինը, դատախազությունը, այսինքն այն մարմինները, որոնք կոնկրետ գործով ներկայացնում են մեղադրանքի կողմը»,-Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց փաստաբանը։
Նրա խոսքով, Փաշինյանի շուրթերից նման հայտարարություն հնչելու դեպքում այսպես կոչված ապագա մեղադրյալը շատ հեշտությամբ կարող է այն օգտագործել իր պաշտպանությունը կառուցելու համար՝ ներկայացնելով, որ իր անմեղության կանխավարկածը խախտվել է։
«Բացի այդ, հնչեց պնդում, որ այդ անձը կալանավորվելու է։ Բանն այն է, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, անձին կալանավորելու կամ չկալանավորելու մասին հարցը լուծվում է նախաքննական մարմնի միջնորդության հիման վրա դատարանի կողմից։ Միակ մարմինը, որ իրավասու է որոշել, թե կա՞ն արդյոք անձին կալանավորելու հիմքերը, դատարանն է»,-մանրամասնեց Վարոսյանը։
Նրա խոսքով, այս պարագայում կառավարության ղեկավարի որոշումը տվյալ գործով դատավորի համար դառնում է ակնհայտ։
«Ինքը լսում է ելույթը։ Վաղը երբ այդ քրեական գործի ընթացքը զարգանա, այդ ապագա մեղադրյալը կարող է նույն կերպ վիճարկել իր կալանավորման օրինականությունն ու հիմնավորվածությունը, և հարց բարձրացնի այդ թվում նաև Եվրոպական դատարանում, որ իր կալանքի հարցը քննող դատական ատյանները եղել են ազդեցության տակ, իրենք էլ են լսել ելույթը, և իրենց համար կանխորոշված է եղել, որ ինքը պետք է կալանավորվի»,-նշեց փաստաբանը։
Վարոսյանն ընդգծում է՝ նման հայտարարություններից պետք է զերծ մնա երկրի ղեկավարը։ Նրա կարծիքով, Փաշինյանի այդ ելույթի նպատակը քաղաքական է, սակայն քրեական գործերին, խափանման միջոցների ընտրությանը վերաբերող հարցերում պետք է լինել չափազանց զգույշ, քանի որ այստեղ բոլորովին այլ ռեժիմ ու իրավակարգավորումներ են գործում։
«Պետք է այնպես վարվել, որպեսզի հնարավորինս չեզոքացվեն անմեղության կանխավարկածի խախտման մեղադրանքները, ինչպես նաև խափանման միջոցի ընտրության հարցով դատարանների վրա ճնշում գործադրելու մասով,-նկատեց փաստաբանների պալատի անդամը։
Վարոսյանին մտահոգություն է պատճառել նաև Փաշինյանի ելույթի՝ գրավի դիմաց ազատ արձակվելուն վերաբերող գործերի ուսումնասիրության անհրաժեշտության հատվածը։
«Կա խնդիր, իրոք մարդկանց գրավով և այլն կալանքից ազատում են, և այս կապակցությամբ, այո, քննչական մարմինները շատ անհանգստացած են։ Եթե, օրինակ, մարդը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու մեջ և նրան կալանքից ազատ են արձակում, նա արդեն իր ամբողջ ցանցի հետ՝ վկաների հետ աշխատելու հնարավորություն է ունենում, բայց մարդիկ տեսնում են՝ բռնեցին, բաց թողեցին, ոնց որ այս թեման այնքան էլ լուրջ չէ, իրենց էլ եթե բռնեն նունիսկ, էլի բաց են թողնելու: Այստեղ էլ թացը չորից տարանջատելու խնդիր կա, և մենք, կարծես թե, եկել ենք այն համոզման, որ առաջիկայում պետք է ուղղակի վերլուծենք գործերը և հասկանանք՝ քանի տոկոսն է գործերի, որ իրոք մենք համաձայն ենք, որ այդ մարդը պետք է գրավով կամ որևէ ձևով ազատ արձակվի, իսկ քանի տոկոսն է, որ անթույլատրելի է և դա արվել է կոնկրետ քրեական գործին խոչընդոտելու համար: Եվ մենք պետք է գանք այստեղ համապատասխան հետևությունների»,-մասնավորապես հայտարարել էր Փաշինյանը։
Վարոսյանը հիշեցնում է, որ առաջին ատյանի դատարանի որոշումների հիմնավորվածությունն ու օրինականությունը կարող են ուսումնասիրել միայն ու միայն վերադաս երկու դատական ատյանները, այլ որևէ մարմին այն ուսումնասիրել չի կարող։
«Տասնամյակներ շարունակ մենք հարց ենք բարձրացրել, որ կալանքի կանխավարկած է Հայաստանի Հանրապետությունում գործում։ Անձինք կալանավորվում են, այլ խափանման միջոցներ ընտրվում են ծայրահեղ դեպքերում, մինչդեռ հակառակը պետք է լիներ, կալանավորումը պետք է լինի ծայրահեղ դեպքում։ Սա եղել է մեր դարդն ու ցավը»,-փաստում է նա։
Վարոսյանի կարծիքով, մայիսյան հեղափոխությունից հետ դատարաններն այս առումով մի փոքր առաջընթաց են գրանցել։
«Երբ կալանավորման հիմքեր չկան առհասարակ, պայմանն է բացակայում, կալանքի միջնորդությունը մերժելու փոխարեն բավարարում են, բայց գոնե գրավն են կիրառում որպես խափանման միջոց, էն էլ երբեմն։
Դատախազությունն էլ այսօր նմանատիպ հայտարարություն էր տարածել։ Վարոսյանի խոսքով, դատախազությունը չպետք է իր վրա վերցնի ամեն ինչ որոշողի դերակատարումը։
«Քրեական գործի շրջանակում դատախազն ու պաշտպանական կողմը հավասար կողմեր են, որոնք պիտի մրցակցեն ու դատարանը որոշի, թե որ մեկի ներկայացրած փաստարակներն են ավելի հիմնավոր։ Մենք, նորից եմ ասում, տարիներ շարունակ պայքարել ենք, որ այս իրավիճակը փոխվի։ Հիմա որոշոկի ծիլեր են նկատվում, և ես հույս ունեմ, որ ի վերջո այդ ծիլերը ոչ մեկ չի տրորելու, այլ ընդկառակը, պետք է հասնենք այն բանին, որ այդ ծիլերը մեծանան ու մենք ռեալ հետևանքեր ունենանք այդ առումով»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը համարում է, որ Վստրեչի Ապերին ու Արտյոմ Կանևսկոյին կալանքից ազատելն անհիմն է
- Փաշինյան. Պատգամավորներից մեկը կալանավորվելու է
- ՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել գործող վարչապետի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան