Փաշինյան. Ղարաբաղի հարցի թաքուն լուծում չի լինելու
«Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, նույնիսկ ամենաբռնապետականը, որ Ղարաբաղի հարցը լուծի առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու»,- այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Արցախի հակամարտության հետ կապված ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին։
Նրա խոսքով՝ ժողովրդի կարծիքն է այն վճռական գործոնը, որը պետք է որոշի Ղարաբաղի հարցի լուծման այս կամ այն տարբերակը ձեռնտու՞ է, թե ոչ։
«Ղարաբաղի հարցի թաքուն լուծում, թաքուն տարբերակ չի լինելու։ Ղարաբաղի հարցի թաքուն տարբերակ, որ մեկ էլ մի օր արթնանանք տեսնենք, հոպ, հարցը լուծվել է, այդպիսի բան ուղղակի չի կարող լինել։ Ինքս բազմիցս հայտարարել եմ, եթե բանակցային գործընթացում կձևավորվի մի այնպիսի տարբերակ, որն ինքս անձամբ կհամարեմ այնպիսի տարբերակ, որն արժի ներկայացնել ժողովրդի քննարկմանը, բնականաբար, առաջին գործողությունը դա է լինելու։ Ես էլի եմ ասում՝ քանի դեռ Ղարաբաղի իշխանությունը ներգրավված չէ բուն պրոցեսում, մենք մոտիկ չենք հարցի կարգավորմանը»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը։
Նրա խոսքով՝ հայտարարությունները պետք է անել իրականության վրա հիմնվելով, որ դրանք արժեք ունենան։
«Էլի ասում եմ նախկին պրոցեսների վերաբերյալ, երբ որ ես ասում եմ, որ չեմ կարող բանակցել Արցախի ժողովրդի ու պետության անունից, դա քմահաճույք չէ, և Ռոբերտ Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի քաղաքական ծագումնաբանությունը կապված է Ղարաբաղյան շարժման ու Ղարաբաղի հետ, էլի եմ ասում, մեզ համար, ինձ համար ընդունելի է, թե ընդունելի չէ, նրանք ունեցել են կոնկրետ պատճառաբանություն ու կոնկրետ փաստարկ, թե ինչու իրենք կարող են խոսել Ղարաբաղի անունից, որովհետև Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի ընտրված նախագահ է եղել, Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության կազմակերպման լիդերներից է եղել, իրենք կարող են համարել, որ իրենք այդ մանդատն ունեն՝ անկախ նրանից, ես դրա հետ համաձայն եմ, թե չէ, բայց իմ պարագայում չկա այդպիսի գործոն»,-հայտարարեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հոգեբանորեն պատրաստ եղեք՝ մարտի 1-ը բացահայտվելու է մինչև վերջ. Փաշինյան
- Փաշինյան. Պատգամավորներից մեկը կալանավորվելու է
- Ես առաջադրվել եմ չընտրվելու համար. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին