Այն, որ մենք խնդիրներ ունենք, որոնց հետ պետք է հաշվի նստել, կասկած չի հարուցում. Ջանջուղազյան
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չի կիսում այն տեսակետը, որ հեղափոխությունից հետո տնտեսական աճը նվազման միտումներ է ցույց տալիս։
«Չափազանցված է, բայց այն, որ մենք խնդիրներ ունենք, որոնց հետ պետք է հաշվի նստել, կասկած չի հարուցում», -ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։
Նախարարը նշեց, որ ճիշտ չէ կոնկրետ մի խնդիր առանձնացնել և ասել, որ տնտեսկան աճի ցուցանիշները պայմանավորված են հենց այդ խնդրով։
«Մենք չենք շտապում այդ հարցում, որովհետև տնտեսական քաղաքականության և տնտեսական աճի մոդելի ընտրությունը կանխորոշում է ոչ թե մեր կարճաժամկետ հատվածում անելիքները, այլ երկարաժամկետ հատվածում մեր սպասելիքները։ Մեր անելիքների արդյունքները մենք արագ չենք տեսնելու, բայց ճիշտ ճանապարհ պետք է ընտրենք, որպեսզի վստահ լինենք, որ ինչ նպատակ դրել ենք, դրան են միտված մեր բոլոր գործողությունները», - համոզմունք հայտնեց Ջանջուղազյանը։