«Բերքահավաք» է տեղի ունենում. Սանասարյանը վարչապետին կներկայացնի 1 մլն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքներ
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկուշաբթի վարչապետին կներկայացնի 1 մլն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքներ:
««Բերքահավաք» է տեղի ունենում: Մեր արած աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են և այս տարվա վերջին արդեն մենք կբերենք մի քանի անգամ ավելի միլիոն դոլարի մուտքեր»,- ընդգծեց նա:
Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ գումարի մի մասը պետբյուջե կգանձվի «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերից» ընկերությունից, «Լուսանշան» ՊՈԱԿ-ից և այլն:
Նա նաև նշեց, որ ստուգումներ են կատարվում նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում:
«Վերջացրել ենք Ագրարային համալսարանի ստուգումները: Նախկին ռեկտորը համաձայնվել է 350 մլն դրամի հետբերում անել պետբյուջե: Հիմա իրավապահների հետ հասկանում ենք դրանց ճանապարհը: ԵՊՀ-ի ստուգումներն առաջիկայում կվերջացնենք, այստեղ ևս լուրջ խախտումներ կան: Գումարի մասով վերջնական չափ չեմ կարող ասել, բայց նախնական տվյալներով երկու կամ ավելի անգամ գերազանցելու է Ագրարային համալսարանին: Եւ դա վերջնական տվյալ չէ», - ասաց Դավիթ Սանասարյանը:
Նշվեց նաև, որ վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են իրականանցում ՋՕԸ-երում: Ըստ նրա՝ այստեղ կատարված ստուգումներով ևս մեծ խախտումներ են հայտնաբերվել:
Նա նաև տեղեկացրեց, որ ավարտում են Անի և մնացած 16 համայնքների ուսումնասիրությունը:
Նա նաև անդրադարձավ Ազատամուտ համայնքի ղեկավարի հայտարարությանը, թե Սանասարյանն իր վրա ճնշում է գործադրել, որ հրաժարական տա:
«Ես ուղղակի կարեկցանքով եմ վերաբերվում գյուղապետին, որի ընտանիքի անդամներից մեկը բանտում է, մյուսի նկատմամբ, որքան հասկացա, քրեական գործ է նորից բացվում»,- ընդգծեց Դավիթ Սանասարյանը:
Պետական վերահսկողական ծառայության պետը նրա հայտարարությունը հերյուրանք որակեց. «Հերյուրանք է, որևէ ճնշում չի գործադրվել, ուղղակի տեղեկացրել ենք, որ ուսումնասիրություն է իրականացվելու: Ասեմ ավելին՝ վստահ եմ, որ գյուղապետը 10 տարիների ընթացքում այդքան հարգանքի արժանի վերաբերմունք չի ստացել։ Գյուղապետարանում վարագույրները թափթփված էին գետնին, դրանք իմ ձեռքով եմ հավաքել, երբ հարցրեցի ինչն է պատճառը՝ ասաց, որ թող գան տեսնեն՝ ցուցարարները մտել և այսպիսի բան են արել, ասում էր՝ բոլորը իմ թշնամիներն են։ Մենք ուղղակի հանգստացրել ենք, տեղեկացրել ենք, որ նախնական առցանց ուսումնասիրությունների արդյունքներ ունենք, որոնք ի վնաս իրեն են, ամեն ինչ կփաստարկվի համայնքում ուսումնասիրության արդյունքում»:
Դավիթ Սանասարյանի խոսքով` Ազատամուտում և Անի համայնքներում բացահայտված չարաշահումների փաստերով առաջիկայում նաև քրեական գործեր կհարուցվեն։
Գնումների գործընթացում ևս, ըստ նրա, բազմաթիվ խախտումներ են եղել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան