Վերաքննիչ դատարանը մերժել է Yerevan.Today–ի փաստաբանի բողոքը
Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատանում տեղի է ունեցել Yerevan.Today կայքի բողոքի դռնփակ քննությունը։ Կայքը վիճարկում է խմբագրությունում սեպտեմբերի 17–ին խուզարկության թույլտվության օրինականությունը։
Դատական նիստից առաջ Yerevan.Today կայքի փաստաբան Արմեն Ֆերոյանը լրագրողներին ասաց, որ Yerevan.Today ընկերության կողմից բողոքարկվել է խուզարկության գործընթացը, քանի որ, իրենց խորին համոզմամբ, խուզարկությունը տեղի է ունեցել օրենքի և Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների ակնհայտ և կոպիտ խախտումներով։
«Նախկինում արատավոր պրակտիկա է եղել, որ ինչ-որ օպերատիվ աշխատակից կարող էր գրություն գրել քննիչին, թե կասկածում են՝ X անձի բնակարանում ենթադրյալ հանցագործության վերաբերյալ առարկաներ են պահվում, թույլ տվեք խուզարկել։ Քննիչը դիմում էր դատարանին, ստանում խուզարկության թույլտվությունը։ Այս գործընթացը մեր փաստաբանների կողմից մշտապես բողոքարկումների թեմա է դարձել։ Իմ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը դեռևս 2015 թվականին որոշում էր հրապարակել, որ միայն օպերատիվ աշխատակցի գրության վրա չի կարելի անձի բնակարանում խուզարկություն իրականացնել, քանի որ դրանով խախտվում է անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը։ 2015-ից, կարելի է ասել, ընդհարապես այս հիմքով խուզարկություն չի կատարվել։
Մեզ համար շատ անհասկանալիորեն Yerevan.Today ընկերության խմբագրությունում խուզարկությունը կատարվել է բացառապես ոստիկանությունից տրված տեղեկատվության հիման վրա, թե իբրև ընկերությունը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության ձայնագրությունը երկու օր առաջ է տեղադրել Yerevan.Today կայքը ի տարբերություն մյուս ԶԼՄ-ների։ Այս հիմքով դատարանը թույլ էր տվել ու խուզարկություն էր կատարվել խմբագրությունում»,–մանրամասնեց փաստաբանը։
Նա նշեց, որ խուզարկության ընթացքում առգրավվել են ամբողջ տարիների ունեցած լրագրողական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը, համակարգչային տեխնիկա, կրիչներ։
«Այս համատեքստում մեր կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, փորձում ենք ակնկալել, որ Վերաքննիչ դատարանը իր դատապարտող մոտեցումը կարտահայտի այս խնդրի վերաբերյալ»,- ասաց Արմեն Ֆերոյանը։
Պատասխանելով հարցին՝ արդյոք խուզարկությունը կարելի է համարել ճնշում լրատվամիջոցի նկատմամբ, նա ասաց. «Խուզարկությունը կատարվել է օրենքի խախտմամբ, առգրավվել են այնպիսի նյութեր, տեղեկատվություն, որոնք ընդհանրապես կապ չունեն հարուցված քրեական գործի հետ։ Այո, Yerevan.Today լրատավական կայքում այն համոզման են, որ սա ճնշում էր լրատվական գործունեություն իրականացնող ընկերության վրա»։
Նիստից հետո Panorama.am-ը հետաքրքրվեց Արմեն Ֆերոյանից, թե ի՞նչ որոշում կայացրեց Վերաքննիչ դատարանը։ Նա նշեց, որ դատարանը մերժել է իրենց բողոքը։
«Մենք Վերաքննիչ դատարան երեք բողոք ենք ներկայացրել այս հարցի հետ կապված՝ Yerevan.Today ընկերությունում, ընկերության տնօրենի բնակարանում, ընկերության տնօրենի հարևանի բնակարանում խուզարկությունների վերաբերյալ։ Առաջինը քննարկման առարկա դարձրեցին ընկերությունում կատարված խուզարկությունը։ Քննեց ու մերժեց, որոշման օրինակը չի տրամադրվել, ասացին, որ փոստային առաքմամբ կուղարկեն։ Բայց ես գտնում եմ, որ ակնհայտորեն չի համապատասխանում Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին, որոնք որ նշված են մեր վերաքննիչ բողոքներում»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ այնուհետև դատարանն անցել է մյուս բողոքների քննարկմանը. «Ես հայտնեցի, որ դատավորին ունեմ ինքնաբացարկի միջնորդությունը, քանի որ մյուս երկու վերաքննիչ բողոքներն իրենց փաստական հիմնավորումներում նույնական են, ինչ-որ նախորդը, որը մերժվել է։ Հետևաբար դատավորն արդեն իսկ ունի կանխալ վերաբերմունք այդ փաստական հանգամանքների նկատմամբ, չի կարող օբյեկտիվ քննել գործը։ Խնդրեցի ժամանակ տրամադրել, որ տեքստի գրավոր տարբերակը ներկայացնեմ դատարանը»։
Դատական նիստը հետաձգվել է։ Հաջորդ նիտսը կայանալու է հոկտեմբերի 27-ին։
Հարակից հրապարակումներ`
- Yerevan. Today-ի խմբագրի հայտարարությունը՝ ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի
- Լրագրողական կազմակերպություններն իրավապահներին կոչ են անում Yerevan.Today-ին հնարավորինս շուտ վերադարձնել համակարգիչը
- Սևակ Հակոբյան. Yerevan.Today-ը Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունի
- Խմբագիր. Yereven Today կայքի վրա եղել է DDoS հարձակում
- Yereven Today-ի խմբագիր. Մեր տպավորությամբ սա լրատվամիջոցին լռեցնելու փորձ է
- Քննչական կոմիտեն՝ Yerevan.today -ում կատարված խուզարկության մասին
- Yerevan Today-ի խմբագիր. Առանց հիմնավորման առգրավել են իմ համակարգիչը
- Խուզարկություն՝ Yerevan.today-ում
- Վիկտոր Սողոմոնյան. Ակնայտ է, որ փորձ է արվում լռեցնել ցանկացած կարծիք, որը դուրեկան չէ իշխանություներին. Yerevan Today
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան