Արմինե Գրիգորյանը և Րաֆֆի Խարաջանյանը կներկայացնեն Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունները
Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացվելու է յուրօրինակ համերգային ծրագիր: Տաղանդավոր երաժիշտներ՝ Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարուհի, պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը և Լատվիայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, Լատվիայի կոմպոզիտորների միության անդամ, արվեստագիտության դոկտոր, Լատվիայի վաստակավոր արտիստ Րաֆֆի Խարաջանյանը ներկայացնելու են Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունների ընտրանին։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից։
1970 թվականից Ռիգայում բնակվող Րաֆֆի Խարաջանյանը դաշնակահարների մի շարք միջազգային մրցույթների ժյուրիի նախագահ է։ Ծավալում է մանկավարժական և համերգային գործունեություն։ Ելույթ է ունենում հայտնի դիրիժորների և նվագախմբերի հետ, տարբեր փառատոների շրջանակներում։ Րաֆֆի Խարաջանյանը հեղինակել է «Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունները» աշխատությունը։ Արժանացել է Լատվիայի Հանրապետության բարձրագույն պետական պարգևին՝ նա «Երեք աստղ» շքանշանի ասպետ է։
Հիշեցնենք, որ այս օրերին անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։