Հարլեմ Դեզիր. Հայաստանում մամուլի ազատությունը կարևոր է հատկապես ներկայիս քաղաքական զարգացումների համատեքստում
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը, ավարտելով Հայաստան կատարած երկօրյա այցը, հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունում է ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնառությունը՝ ամրապնդել լրատվամիջոցների ազատությունը, կոչ է անում իշխանություններին ձեռնարկել լրացուցիչ նախաձեռնություններ։
Հայաստան այցի ժամանակ Հարլեմ Դեզիրը հանդիպել էր վարչապետին, ԱԳ և արդատադատության նախարարների պաշտոնակատարներին ու քննարկել լրատվամիջոցների ազատության խթանման ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, որտեղ ԵԱՀԿ ներկայացուցիչը կարող է առաջարկել իրավական փորձառություն ու աջակցություն։
«Ես ողջունում եմ իշխանությունների կողմից արտահայտված պարտավորությունը՝ ամրապնդել լրատվամիջոցների ազատությունը՝ որպես ժողովրդավարության անկյունաքար։ Սա հատկապես կարևոր է երկրում ներկայիս քաղաքական զարգացումների համատեքստում։ Ես կոչ եմ անում կառավարությանը լրագրողների համար խթանել անվտանգ ու հարմարավետ միջավայր, ինչպես նաև դիտարկել քայլեր, որոնք կամրապնդեն լրատվամիջոցների բազմակարծությունը, հանրային հեռաձակողի անկախությունը, լրատվամիջոցների սեփականատերերի թափանցիկությունն ու տեղեկատվության հասանելիությունը»,-ասում է Հարլեմ Դեզիրը։
ԵԱՀԿ ներկայացուցիչը կոչ է անում իշխանություններին առաջնահերթություն տալ լրագրողների անվտանգությանն ու գործել ընդդեմ ցանկացած սպառնալիքի կամ ահաբեկման, որին կարող են հանդիպել լրատվամիջոցների աշխատակիցները։
Դեզիրն ընդգծել է նաև տեղեկատվության մատչելիության կարևորությունը, քննարկել է նաև հանրային լրատվամիջոցների ու Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի անկախությունն ու հաշվետվողականության ապահովման համար բարեփոխումների անհրաժեշտությունը։
Դեզիրը վարչապետի հետ քննարկել է նաև «fake news»-ի կամ կեղծ լուրերի մարտահրավերն ու մամուլի ազտության հարցը։
«Հայաստանը շատ կարևոր գործընկեր է ԵԱՀԿ տարածաշրջանում լրատվամիջոցների ազատության խթանման համար։ Ընտրություններից հետո կարևոր կլինի տեսնել ապագա կառավարության ուժեղ քաղաքական կամքը՝ պաշտպանել ու զարգացնել երկրում մամուլի ազատությունը։ Իմ գրասենյակը պատրաստ է աշխատել շահագրգիռ կողմերի հետ ու աջակցել փորձագիտական խորհրդով ու առաջարկություններով՝ ԵԱՀԿ մամուլի ազատության ու միջազգային չափանիշներին համապատասխան»,-ասում է Հարլեմ Դեզիրը։
Դեզիրը Հայաստանում հանդիպել է նաև մեդիայի ներկայացուցիչների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին