Պետք չէ տպավորություն ստեղծել, թե Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է. Նիկոլ Փաշինյան
Գործադիրի նիստում հավանություն է տրվել ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը:
Օրինագծի նպատակն է իրավական երաշխիքներ սահմանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովման համար:
Կառավարությունն առաջարկում է գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ՝ նկատի ունենալով, մասնավորապես, այն հանգամանքը, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի հոդվածով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կրոնական գործիչ է, այլ ոչ թե բարձրաստիճան պաշտոնատար անձ, որի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցի կարգավորումն արդեն իսկ ամրագրված է օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով: Այսինքն, վարչապետի որոշմամբ կրոնական գործիչներին կարող է տրամադրվել պետական պահպանություն, որի իրականացումը կարող է հանձնարարվել թե պետական պահպանությունն իրականացնող մարմին հանդիսացող պետական պահպանության ծառայությանը, թե վարչապետի սահմանած մեկ այլ իրավասու պետական մարմնին:
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ընդհանուր առմամբ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, որովհետև կառավարությունն ի վիճակի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել:
«Պետք չէ տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունում Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է: Եվ եթե կա այդպիսի ընկալում, դա սխալ է, և իրավիճակները պետք չէ մեկնաբանել բոլորովին այլ կերպ, քան դրանք գոյություն ունեն և կարող են գոյություն ունենալ: Կարծում եմ, որ իսկապես տեղին չէ: Համենայն դեպս, եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, այդ հարցը ինքս պատրաստ եմ քննարկել և ըստ անհրաժեշտության որոշում կայացնել: Եվ դրա համար օրենքի անհրաժեշտություն չկա: Ես չեմ կարծում, թե կոռեկտ է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյա և դնել պետական կառավարման համակարգի աստիճանակարգության մեջ»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան