Պատգամավորական պանորամայում Կապանն է
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ԱԺ երեկվա նիստի ընթացքում հայտարարել էր, որ Սյունիքում պետք է հաստատվի պետական, ժողովրդական իշխանություն, այն է՝ ակնարկել էր, որ Կապանի ընտրությունների արդյունքն այնքան էլ իր սրտով չէ։
Panorama.am-ի թղթակիցը ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք չի՞ կարծում, որ արտահայտված կարծիքը դիկտատուրայի յուրօրինակ դրսևորում է։ Պատգամավորից նաև հետաքրքրվեցինք, եթե Կապանում ընտրությունների արդյունքները վարչապետի պաշտոնակատարի պատկերացումների շրջանակում չեն, նշանակում է, որ դրանք ժողովրդավար չե՞ն եղել։
«Սա արդեն ավելի շատ թեկնածուների պայքար է եղել, ես այստեղ կուսակցական պայքար չեմ տեսնում։ Եթե կասկածում եք ինչ-որ ուժերի վրա, որոնք անցած թեկնածուին պաշտպանել են, ես համամիտ չեմ այդ մտքի հետ։ Ժողովրդավար ընտրություններ են տեղի ունեցել, մարդն էլ ընտրվել է, ո՞վ ինչ կարծիք կարող է հայտնել նրա ընտրվելու մասին։ Ժողովուրդը ձայն է տվել նրան, որևիցե խախտում չի եղել, վարչական ռեսուրս չի օգտագործվել, ընտրակաշառք չի բաժանվել։ Մարդն անցել է, այստեղ զարմանալու բան չկա, հարկավոր է ողջունել, մարդուն ընդգրկել ընդհանուր պետականաշինության մեջ»,- նշեց Ալիկ Սարգսյանը։
Նույն հարցի շուրջ խոսեցինք նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ։
Նա նշեց, որ չի կիսում այն կարծիքը, թե Նիկոլ Փաշինյանի խոսքերը բռնատիրական շեշտադրումներ ունեն։
«Վարչապետը հստակ ասեց, որ չնայած իրենց թեկնածուն չի անցել, այդուհանդերձ, իրենք ընդունում են Կապանի քաղաքապետի ընտրությունների արդյունքը, և դա այլևս փաստ է։ Այդ օրինակով Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ պարտադիր չէ՝ բոլոր պաշտոններում իրենց թիմակիցներ անցնեն, որ կա նաև այսպիսի նախադեպ։ Ես գիտեմ, որ վարչապետի պաշտոնակատարը Կապանում տեղի ունեցած ընտրությունները համարում է լեգիտիմ, և արդյունքներն այլևս անշրջելի են»,- ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին, ապա նա մեզ հետ զրույցում կտրականապես հրաժարվեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտնած տեսակետը։
«Ասել է այն, ինչ ասել է։ Հիմա ես չեմ մեկնաբանելու, ինքն ասել է այն, ինչ ասել է, մանրամասն բացատրել է իր մտքերը, հիմա ես մեկնաբանե՞մ։ Ինձ թվում է՝ շատ պարզ է խոսել»,- ասաց նա։