Սթիվեն Քինգը ուսանողներին վաճառել է իր պատմվածքի էկրանավորման իրավունքը 1 դոլարով
Ուելսից ուսանողները ստացել են Սթիվեն Քինգի պատմվածքի էկրանավորման իրավունքը խորհրդանշական՝ ընդամենը 1 դոլարով։ ՏԱՍՍ-ը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ 16-ամյա Ալֆի Էվանսը և 14-ամյա Քերիս Քլիֆն այդ առիթով կապվել են գրողի հետ և շուտով ստացել դրական պատասխան։
«Շատ հիանալի էր։ Պայմանագիրը կնքվել է մի քանի օր անց»,- ասել է տեղի կինոընկերության ռեժիսոր Քեվին Ֆիլլիպսը, ով օգնելու է երեխաներին նկարահանումների ժամանակ։
Պայմանավորվածության համաձայն, ուսանողները չեն կարող եկամուտ ստանալ Քինգի պատմվածքի էկրանավորման ցուցադրություններից, բայց պետք է նրան ուղարկեն ֆիլմի կրկնօրինակը։ Այժմ Էվանսն ու Քլիֆը աշխատում են ապագա ֆիլմի սցենարի վրա։ Նրանք հույս ունեն ֆիլմը ներկայացնել կինոփառատոնում։
Էկրանավորման իրավունքի փոխանցումն իրականացվել է «Dollar Babies» նախագծի շրջանակում, որը ստեղծել է Սթիվեն Քինգը, որպեսզի ուսանողներին հնարավորություն տա իր պատմվածքներից մեկի հիման վրա ֆիլմ նկարահանել։