Մահացել է դերասան Նիկոլայ Կարաչենցովը
Այսօր առավոտյան Մոսկվայում մահացել է թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի դափնեկիր, «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ռուսական ակադեմիայի ակադեմիկոս Նիկոլայ Կարաչենցովը։
Ռիա նովոստիին արտիստի որդին ասել է, որ մահվան պատճառը սրտի կանգն է։ Նիկոլայ Կարաչենցովի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Լենկոմ»-ում, օրը դեռ հայտնի չէ։
Նիկոլայ Կարաչենցովը ծնվել է Մոսկվայում 1944 թվականի հոկտեմբերի 27-ին։ Հանրաճանաչ էր նաև նրա դերը Պաբլո Ներուդայի «Խոակին Մուրիետայի փայլատակումն ու մահը» դրամայի հիման վրա բեմադրված «Խոակին Մուրիետայի աստղն ու մահը» ներկայացումում, որտեղ Կարաչենցովը խաղում էր միանգամից երկու դեր: Նրա ամենահայտնի դերերից էր նաև կոմս Ռեզանովի դերը «Յունոնա և Ավոս» ռոք-օպերայում, որը դարձել էր թատրոնի այցեքարտը:
Կինոյում Նիկոլայ Կարաչենցովը նկարահանվել է 1967 թվականից` «Նրբագծեր Վ. Ի. Լենինի դիմանկարին», ինչպես նաև «Եվ կրկին մայիս» ֆիլմերում: Նրա լավագույն դերերից է «Ավագ որդին» (1975 թ.) կինոնկարում Վլադիմիր Բուսիգինի դերը: Այդ կերպարը նրան հանրաճանաչ դարձրեց: 1970-ականների կեսերից նա դարձել էր ամենաշատ նկարահանվող դերասաններից մեկը և բոլոր դժվարին կասկադյորական հնարքները կատարում էր անձամբ: Նա հավասարապես նկարահանվում էր տարբեր ժանրերի ֆիլմերում` երաժշտական, մանկական, արկածային, ինչպես նաև դրամատիկական:
Իր ստեղծագործական կյանքում Նիկոլայ Կարաչենցովը նկարահանվել է մոտ 100 կինոնկարներում: Հաջողությամբ կրկնօրինակել է արտասահմանյան ֆիլմեր, ձայնագրվել մուլտֆիլմերում, աշխատել հեռուստատեսությունում և ռադիոյում:
Հարակից հրապարակումներ`
- Կարաչենցովի կինը հայտնել է դերասանի վիճակի մասին
- Իսրայելում բուժվելուց հետո Մոսկվայում հոսպիտալացվել է դերասան Նիկոլայ Կարաչենցովը
- Կարաչենցովի առողջական վիճակը միջին ծանրության է
- Նիկոլայ Կարաչենցովը հոսպիտալացվել է