ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Հայաստանը հսկայական անելիք ունի. Արա Պապյան
«Ադրբեջանն ու Վրաստանը ԱՄՆ համար ունեն ռազմավարական նշանակություն, իսկ Հայաստանն ԱՄՆ համար ընդամենն առաջնահերթություն ունեցող պետության կարգավիճակ»,- «Հայ-ամերիկյան հարաբերություններ. Բոլթոնի այցի հիմնական ուղերձները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նրա խոսքով, սա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ տարածաշրջանային այցի ամենակարևոր մեսինջն էր, չնայած այցը դեռ չի ավարտվել։ Քաղաքագետի խոսքով, այս ուղղությամբ լուրջ աշխատանք կա անելու։
Քննարկմանը ներկա «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը նույնպես առանձնացրեց «այդ ցավալի իրողությունը՝ Հայաստանի կարգավիճակը որպես բարձր առաջնահերթություն և ոչ թե ստրատեգիական գործընկեր»։
Խոսելով արցախյան խնդրի մասին հնչած հայտարարությունների մասին, նա նշեց. «Արցախի հարցի հետ կապված որոշ անհանգստացնող պահեր կա այն առումով, որ հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո, երբ վարչապետը կստանա նոր մանդատ, կունենա նման վստահություն ժողովրդի մեջ, կարող է վճռական քայլեր իրականացնել։ Խնդիրն այն է, թե որոնք պետք է լինեն այդ վճռական քայլերը։ Ես չեմ կարծում, որ անպայմանորեն այդ վճռական քայլերն ի նպաստ մեզ պետք է լինեն։ Սպասենք ու տեսնենք զարգացումը»։
Ա. Պապյանը նաև ասաց, որ ցանկալի իրողություն չէ նաև Հայաստանին զենք վաճառելու պատրաստակամությունը, ինչը նշանակում է նաև Ադրբեջանին, որովհետև եթե այդ շուկան բացվի, ապա Ադրբեջանը, ով ավելի մեծ հնարավորություն ունի զենք գնելու, կկարողանա մտնել ոչ միայն ամերիկյան շուկա, այլ հզորացնել իր ազդեցությունն ամերիկյան որոշ ընկերությունների ներսում, որոնց միջոցով էլ լոբբինգ կիրականացնի։
Ա. Պապյանը նշեց, որ Հայաստանը հսկայական անելիք ունի ԱՄՆ հետ հարաբերություններում, միաժամանակ հավելեց, որ հայ-ամերկյան հարաբերություններում Հայաստանը մինչև 1990-ականների վերջ ուներ առավելություն ի տարբերություն հարևան երկրների։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-25-ին Հայաստան էր այցելել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը։ Նա հանդիպումներ է ունենալու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Այս այցով չեմ եկել ԼՂ խնդրի կարգավորման հարցում նոր լուծումներ առաջարկելու. Ջոն Բոլթոն
- ՀՀ վարչապետը հրաժարվեց իր հաջողության գաղտնիքը բացել իմ առաջ. Բոլթոն
- Հայ-ամերիկյան հարաբերությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն. Ջոն Բոլթոն
- Փաշինյան. Բոլտոնի հետ բանակցությունները անցան խիստ դրական մթնոլորտում
- Ջոն Բոլթոնը ժամանել է Երևան
- Ինչ կարող է տեսնել Ջոն Բոլտոնը Հայաստանի զինանշանի վրա