ՌԴ-ի հետ գազի սակագնի պայմանագիրը լրջագույն խնդիրներ է առաջացրել. Մելքումյան
«Այսօր առավոտյան հանդիպել եմ Էներգետիկայի, ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի հետ, արդեն իսկ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որ հաջորդ շաբաթվա ընթացքում ՀԷՑ-ի ղեկավարության կողմից ԱԺ-ում կլինի համապատասխան ներկայացում այն աշխատանքների, որ կատարում է ՀԷՑ-ը և թե ինչ ռազմավարություն ունի նա առաջիկա տասը տարիների ընթացքում»,- Գազի և էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստից հետո հայտարարեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։
Նա նշեց, որ նախնական պայմանավորվածություն ունեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրինության հետ, այս ընկերությունը ևս կներկայացնի իր ներդրումային ծրագիրը։
«Գազի համակարգում իմ պատկերացմամբ, մի փոքր տխուր պատկեր է արձանագրվում։ Ցավոք, այն պայմանագիրը, որը կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև, որն ԱԺ-ով վավերացվել է, լավատեսություն չի ներշնչում՝ առ այն, որ այստեղ և հետագա համաձայնագրերում արձանագրված են մի քանի դրույթներ։
Առաջին, այսպես կոչված 9 տոկոսանոց ներքին եկամտաբերության նորմայի պահանջը, որը մինչև այս տարվա վերջ պահանջում է մոդելային պայմանագիր կնքել։ Իսկ սա հանգեցնելու է սակագնի փոփոխության պրոբլեմի։ Սա նշանակում է, որ երբ հունվարի մեկից այլևս նոր պայմաններ են առաջ գալու, հայաստանյան կողմը պետք է բանակցելու բովանդակությունն այնպես ձևակերպի, որը չտանի սակագնային քաղաքականության էլ ավելի լարման»,- ասաց Միքայել Մելքումյանը։
Որպես երկրորդ անհանգստացնող հանգամանք հանձնաժողովի նախագահը նշեց տարբեր համաձայնագրերով ամրագրված այն դրույթը, որ «Գազպրոմ Արմենիայի» շահութաբերությունը, անկախ ամեն ինչից, պետք է պահպանվի։
«Առաջիկայում, երբ կսկսվեն ծանր բանակցություններ գազի սակագնի սահմանման համար, իմ նշած դրույթները, համոզված եմ, պետք է վերանայվեն»,- ասաց նա։
Անդրադառնալով ՀԷՑ-ի գործունեությանը՝ բանախոսը նշեց, որ ընկերության շահութաբերությունը հարկերը ներառյալ 17 տոկոս է, հարկերը չներառված՝ 14 տոկոս, կորուստները՝ 11.02 տոկոս։ Մելքումյանը շեշտեց՝ գազի գործող սակագնի ծանր բեռն ընկած է ազգաբնակչության վրա, այն է՝ գազը քաղաքացիերին տրվում է ամենաբարձր սակագնով։ Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ՌԴ-ի հետ գազի սակագնի վերաբերյալ պայմանագիրը լրջագույն խնդիրներ է առաջացրել, և ժամանակն է դրանք վերանայել։
«Մեզ 17 միլիարդ է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք սակագինը 5 դրամով իջեցնենք՝139 դրամից 134 դրամի։ Մենք պետք է քննարկենք, այսպես կոչված, ներքին կշռված սակագների սահմանման խնդիրը, որն արտադրողից է գալիս։ Իսկ որպեսզի էլեկտրաէներգիայի սակագինը 5 դրամով իջնի, էլեկտրաէներգետիկական համակարգում 27 միլիարդ դրամ է պետք։ Միաժամանակ, ինչքան մեծացնենք Իրանից եկող գազի ծավալները, այնքան ավելի բարերար ազդեցություն ենք ունենալու էլեկտրաէներգիայի սակագնի վրա»,- նկատեց Միքայել Մելքումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թե գազի, թե էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել 10-15 տոկոս. պատգամավոր
- ՌԴ-ն մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստանին գազ կմատակարարի 150 դոլարով
- Գերարդիական է մնում գազի և դրանից բխող էլեկտրաէնգիայի գնի հիմնավորվածությունը. Միքայել Մելքումյան
- Ատոմակայանը նվազեցրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին