Աշխատանքներն ուղղված են նրան, որ փետրվարի մեկից հնարավոր լինի որոշակիորեն նվազեցնել հոսանքի սակագինը. նախարարի պաշտոնակատար
«Որ Վանեցյանն իմ բաջանաղն ա, դա միանշանակ այդպես է։ Նրան ճանաչում եմ շուրջ 14 տարի։ Միաժամանակ, գիտեք, որ 20 տարի էներգահամակարգում եմ։ Հրապարակումներում, որ ասում են՝ էներգետիկայի հետ կապ չունեմ, մասնագիտությամբ էլ եմ էներգետիկ, պաշտպանել եմ՝ էներգետիկ համակարգում գիտությունների թեկնածու եմ տեխնիկական գծով, քսան տարի աշխատել եմ էներգահամակարգում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք հավաստի՞ են տեղեկությունները, որ ինքն էներգետիկայի ոլորտի հետ կապ չունի և ԱԱԾ տնօրենի հետ իր բարեկամական կապերի շնորհիվ է պաշտոնի նշանակվել։
«Չեմ կարծում, որ բարեկամական կապն է վարչապետի համար կողմնորոշիչ հանդիսացել ՝ նման առաջարկ անելու համար»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ ինքն իրեն նախարարի պաշտոնում այնքան էլ հարմարավետ չի զգում և իրեն այլ պաշտոնում է տեսնում, Գարեգին Բաղրամյանը հակադարձեց, որ նախարարի պաշտոնում իրեն շատ հարմարավետ է զգում և բազմաթիվ ծրագրեր ունի։
«Այս պահին էլ, անկախ նրանից, որ ժամանկավոր պաշտոնակատար ենք, բոլոր ծրագրերն իրագործում ենք և աշխատում ենք այնպես, ինչպես սովորական ռեժիմում։ Մի շարք խնդիրներ կան էներգետիկ ոլորտում, բավականին շատ խնդիրներ կան ոռոգման համակարգում։ Էներգահամակարգում, հուսով եմ, կհասցնենք մինչև տարեվերջ բավական մեծ ծրագիր իրականացնել։ Երևանի տարածքում նախատեսում ենք կառուցել համակցված շոգեգազային էլեկտրակայան՝ մոտ 260-270 միլիոն դոլարի ներդրում կլինի։ Կարծում եմ՝ մինչև տարեվերջ կկարողանանք նախագիծն ավարտուն տեսքի հասցնել։
Նոյեմբերի 14-16-ը էներգետիկ շաբաթ է լինելու, բազմաթիվ երկրներից խոշոր ներդրողներ են հրավիրված, շաբաթը նվիրվելու է վերականգնվող էներգետիկային։ Ներկա կլինեն բազմաթիվ ներդրողներ, նրանց դատին կներկայացվեն մի շարք ծրագրեր»,- նշեց նա։
Հարցին՝ տեղյակ եղե՞լ է, որ բարձրավոլտ ցանցերում չարաշահումներ են եղել, Բաղրամյանը դրական պատասխան տվեց։ Նրա խոսքով, դրանք հիմնականում կապված են գնումների հետ։
Իսկ իրենց ոլորտում կա՞ն վարկային պայմանագրեր, որոնք վերանայման կարիք ունեն, հարց ուղղեցին լրագրողները, ինչին ի պատասխան նախարարի պաշտոնակատարը նկատեց՝այդպիսի պայմանագրեր առկա են։
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազեցմանը՝ Գարեգին Բաղրամյանը նշեց՝ ամեն ինչ արվում է էներգահամակարգը հուսալիության ուղղությամբ, բոլոր աշխատանքները միտված են լինելու սակագնի նվազման համար անհրաժեշտ միջոցների ստեղծմանը։
«Այս պահին աշխատանքներն ուղղված են նրան, որ փետրվարի մեկից հնարավոր լինի որոշակիորեն նվազեցնել սակագինը։ Ինչ վերաբերում է չարաշահումներին, ապա բարձրավոլտ ցանցերում չարաշահումների մասով մոտ 140 միլիոն դրամի վերականգնում պետք է լիներ, էլի ինչ-որ գումարներ։ Դրանք հիմանկանում կապված են եղել կապալառուների ոչ բարեխիղճ մրցույթների մասնակցության հետ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Անդրադառնալով գազի սակագնի նվազեցմանը՝ նա նշեց, որ այս պահին քննարկումները շարունակվում են։ «Կարծում եմ՝ շուտով դրական արդյունքներ կլինեն, որոնց մասին տեղյակ կպահենք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- 2013-ին ՀՀ և ՌԴ միջև գազային ստորացուցիչ պայմանագիր է կնքվել. հանձնաժողովի նախագահ
- ՌԴ-ի հետ գազի սակագնի պայմանագիրը լրջագույն խնդիրներ է առաջացրել. Մելքումյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին