Ես ինձ պառլամենտական գործունեության մեջ սկզբուքնորեն չեմ տեսնում. Գևորգ Կոստանյան
«Իշխանության հետ համագործակցություն կարող է լինել, բայց թե ինչ գերատեսչություն, չեմ էլ մտածել այդ ուղղությամբ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ մշտական պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
Հարցին՝ իշխանությունների կողմից իրեն առաջարկ եղե՞լ է՝ պետական որևէ պաշտոն զբաղեցնելու, պատգամավորը բացասական պատասխան տվեց։
«Եթե այդպիսի առաջարկ լիներ՝ պառլամենտական գործունեություն իրականացնել որևէ ցուցակով, դա բացառվում է, բացառվում էր և ապագայում էլ բացառվում է, որովհետև ես ինձ պառլամենտական գործունեության մեջ սկզբուքնորեն չեմ տեսնում՝ որևէ ֆորմատով։ Ես պատրաստ եմ իմ համեստ ներդրումն ունենալ երկրի բարօրության գործում՝ բացառապես մասնագիտական ֆորմատում: Քաղաքական ֆորմատում երբևէ համագործակցություն՝ ոչ: Պառլամենտական գործունեության ժամանակ ես փորձել եմ հնարավորինս զերծ մնալ քաղաքական գործունեությունից, օրենքներին վերաբերել եմ ոչ թե քաղաքական նպատակահարմարության, այլ մասնագիտական տեսակետից»,- ասաց նա:
Հարցին՝ դատախազությունում իրեն տեսնո՞ւմ է, Կոստանյանը պատասխանեց. «Ես ինձ որպես փաստաբան էլ եմ տեսնում: Ես, որ ասում եմ մասնագիտություն, հենց դա նկատի ունեմ։ Ես 14 տարի պետության փաստաբանն եմ եղել եվրոպական դատարանում, այսինքն՝ իրականացրել եմ փաստաբանություն։ Ես կարող եմ շատ մեծ հաճույքով զբաղվել փաստաբանական գործունեությամբ, դա ինձ հոգեհարազատ է»:
Դիտարկմանը, որ նախկինում Նիկոլ Փաշինյանն ու ինքը տարբեր թիմերից են եղել, քննադատել են միմյանց, Կոստանյանը պատասխանեց, որ դա չի եղել քաղաքական հարթությունում, այլ՝ իրավական, իրենք բացառապես իրավական հարթությունում են ընդդիմախոսներ եղել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան