Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրում կատարելու հեռանկարով
«China National Electric Engineering Company (CNEEC)»-ի պատվիրակությանը՝ ընկերության փոխնախագահ Ժան Չենյունի գլխավորությամբ այսօր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հանդիպել է նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին։
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ չինական ընկերությունների հետ արդեն իսկ առկա է արդյունավետ համագործակցություն։
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հյուրերն ընդգծել են Հայաստանի հետ փոխշահավետ կապերի ամրապնդումը, և նշել, որ կան լայն հնարավորություններ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն ծրագրեր իրականացնելու համար:
Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է նաև Հայաստանի էներգետիկ համակարգում վերազինման ու վերակառուցման, արդիականացման անհրաժեշտություն ունեցող ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվություն։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրելու առավելագույն ջանքեր՝ նախանշված ծրագրերը սեղմ ժամկետներում կյանքի կոչելու համար: China National Electric Engineering Company (CNEEC)-ի ներկայացուցիչները կարևորել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի կառավարության միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում առանձնահատուկ և մեծագույն ցանկությունը, որը կնպաստի երկու երկրների տնտեսական զարգացմանը: