ԲՀԿ-ական պատգամավոր. Կուսակցության ցուցակը պետք է գլխավորի անձամբ Գագիկ Ծառուկյանը
«Ես գտնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ մեծ կադրային ու ծրագրային պոտենցիալ ունի, և մեծ հավակնություններ, բնականաբար ունի»,-ԱԺ-ում լրագրողների հետ ընթացող ճեպազրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
Նա նշեց, որ այդ հավակնությունների իրական տերը ժողովուրդն է, նա է որոշելու, թե ում ինչ ձևաչափով կգործուղի խորհրդարան։
«Մենք պայքարելու ենք առավելագույն ձայներ ունենալու համար, առավելագույնս հանրամատչելի ներկայացնելու ենք մեր ծրագրերն ու անելիքները, ներկայացնելու ենք՝ ինչ փոփոխություններ ենք ի զորու իրականացնել»,-ասաց նա։
ԲՀԿ-ական պատգամավորին հիշեցրեցին կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որի համաձայն ընտրություններին ընդառաջ ցուցակում մեծ փոփոխություններ են լինելու, հարցրեցին՝ հնարավո՞ր է ցուցակում ընդհանրապես կամ առաջին տեղերում չլինեն Էնֆիաջյանը, Զոհրաբյանն ու Մելքումյանը։
«Ես ձեզ մի բան ասեմ, քանի որ անուններով եք ասում, ինձ, տիկին Զոհրաբյանի, պարուն Մելքումյանի համար որևիցե գործողություն ինքնանպատակ չէ, քաղաքական թիմը ոնց որոշի, այդ որոշումը մեզ համար ընդունելի կլինի։ Բնականաբար, ես համարում եմ, մեր ամբողջ քաղաքական թիմն էլ համարում է, որ մեր ցուցակը պետք է առաջնորդի Գագիկ Ծառուկյանը»,-ասաց պատգամավորը։