2019թ.-ի պետական բյուջեով նախատեսում ենք շինաշխատանքներին ծախսերի ավելացում. Արցախի պետնախարար
«Տարին պետք է փակենք առանց ֆինանսական պարտավորությունների, և փաստացի աշխատանքները պետք է չգերազանցեն հատկացված միջոցները»,- այս մասին նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ այսօր ֆինանսների, քաղաքաշինության, գյուղատնտեսության նախարարների և շրջանային վարչակազմի ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային ընդլայնված խորհրդակցության ժամանակ։
Ինչ վերաբերում է շրջաններում իրականացվող կապիտալ շինարարական աշխատանքներին, նա տեղեկացրել է, որ 2019թ.-ի պետական բյուջեով նախատեսում ենք ծախսերի ավելացում:
«Մասնավորապես՝ 2018թ.-ին հատկացված 2 մլրդ 200 մլն դրամի փոխարեն ծրագրում ենք հատկացնել 3 մլրդ դրամ»,- ասել է պետնախարարը և ավելացրել, որ հատկապես գյուղական համայնքներում Կառավարության համար առաջնահերթ է մնում խմելու ջրի ամբողջական համակարգի կառուցումը:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Գ. Մարտիրոսյանն անդրադարձել է նաև միջնաժամկետ ծախսային ծրագրին՝ նշելով, որ եռամյա կտրվածքով ներկայացվող նախագծերը 2019թ.-ի մասով պետք է կազմվեն նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, իսկ 2020-21 թթ-ի առումով՝ կանխատեսումների վրա արված գնահատականներով: Գործընթացին հետևելու համար համապատասխան հանձնարարություններ են ստացել քաղաքաշինության և ֆինանսների նախարարները:
Խոսելով գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների մասին՝ պետնախարարն ընդգծել է, որ Կառավարությունը խստացնում է պետական աջակցության մեխանիզմները, և այսուհետ գործող ծրագրերից հնարավորություն կունենան օգտվել այն հողօգտագործողները, ովքեր կատարում են ցանքաշրջանառություն:
«Խնդիրը սկզբունքային նշանակություն ունի մեր գյուղատնտեսության համար: Առաջատար փորձը ցույց է տվել, որ բարձր արդյունք ապահովելու համար անհրաժեշտ է պարբերաբար փոխել ցանվող մշակաբույսերը: Բայց քանի որ մեր հորդորներին հողօգտագործողների մեծ մասը չի հետևում, ստիպված ենք շահագրգռող այլ մեթոդների դիմել»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ովքե՞ր են Արցախի խոշոր հարկ վճարողները
- Արցախում մտադիր են անմշակ հող չթողնել, երկիրն էլ ինքնաբավ դարձնել