Վարդան Ոսկանյան. Հայաստանի և Իրանի ընդհանուր սահմանը երբևէ գոյություն ունեցած հնագույներից է
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջ․ Բոլթոնի՝ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցի այն հատվածը, որտեղ նա ընդգծում է, թե Հայաստանի՝ «Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի», կողմնակի ցուցիչ է առ այն, որ բանակցությունների ընթացքում պաշտոնական Երևանը ոչ միայն ընդունելի չի համարել ամերիկյան կողմի դիրքորոշումներն Իրանի հետ կապված խնդիրներում, այլ նաև ընդգծել է հայ-իրանական սահմանի կարևորությունը, ինչը լուրջ քայլ է նաև իրանական կողմի ընկալումներում մեր երկրի՝ վստահելի գործընկերոջ չափազանց թանկ արժեցող վարկը պահպանելու առումով։ Նման կարծիք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա ընդգծել է, որ նույնը միանշանակորեն չի կարելի պնդել Ադրբեջանի դեպքում, որտեղ անցկացրած բանակցություններից հետո, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ջ․ Բոլթոնը դրանք գնահատել է «արդյունավետ» հստակ եզրույթով՝ հատուկ մատնանշելով, որ Ի․ Ալիևի հետ հանդիպման ժամանակ վարվել են «ինտենսիվ բանակցություններ՝ այդ թվում Իրանի խնդրով», որոնց ընթացքում քննարկվել են «Իրանին զսպելու քայլեր»։
«Նման հայտարարություններից գրեթե միանաշնակորեն կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ին հաջողվել է ստանալ Բաքվի վարչակարգի գրեթե լիակատար աջակցությունն Իրանի դեմ ձեռնարկվելիք գործողությունների համատեքստում, ինչից առաջին հերթին պետք է հետևությունների հանգեն հենց Թեհրանում՝ հատկապես նախագահ Հ․ Ռուհանիի քաղաքական թիմի այն թևում, որտեղ, ցավոք, հերթական անգամ պատրանքներ կային Ադրբեջանի հետ հարաբերություններ զարգացնելու վերաբերյալ»,-նշել է Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նրա կարծիքով, Բոլթոնի վերոնշյալ հայտարարությունը խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ։
«Եթե նույնիսկ մի պահ մոռանանք էլ Հայաստան-Իրան սահմանի բազմաբաղադրիչ հսկայական նշանակությունը թե՛ Երևանի և թե՛ Թեհրանի համար, ապա այն ունի ևս մեկ կարևորագույն հատկանիշ՝ Հայաստանի և Իրանի ընդհանուր սահմանը, փոփոխություններով հանդերձ, աշխարհում երկու պետությունների միջև երբևէ գոյություն ունեցած հնագույն սահմաններից մեկն է, որն ունի երկու հազարամյակից ավելի պատմություն, և մինչև դրա վերաբերյալ հայտարարություններ անելը, նախ պետք է փորձել զգալ այդ սահմանի նաև պատմական ողջ լիցքը»,-գրել է իրանագետը։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ամերիկյան հարաբերությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն. Ջոն Բոլթոն
- Փաշինյան. Բոլտոնի հետ բանակցությունները անցան խիստ դրական մթնոլորտում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին