Ինչքան աշխատավարձ են ստանալու քաղաքապետարանի ու թաղապետարանների պաշտոնյաները
Երևանի ավագանու առաջիկա արտահերթ նիստում ընդգրկված է նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու հարցը։
Ինչպես Panorama.am-ը տեղեկացավ քաղաքապետարանից, հաշվի առնելով ՀՀ օրենսդրությամբ հաստիքացուցակի հաստատման համար սահմանված սեղմ ժամկետը, ներկայացված նախագծով առաջարկվում է հաստատել նախկինում գործող հաստիքացուցակն առանց փոփոխության։
«Միաժամանակ, արդեն իսկ մեկնարկել են ՀՀ օրենսդրությամբ Երևան համայնքին վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսների թվաքանակի վերլուծության աշխատանքները, որոնց ավարտից հետո Երևան քաղաքի ավագանուն կներկայացվի հաստիքացուցակի օպտիմալացման հստակ առաջարկներ»,-հայտնում են քաղաքապետարանից։
Այսպիսով, քաղաքապետ Հայկ Մարությանը կստանա 575 հազար դրամ աշխատավարձ, նրա առաջին տեղակալը՝ 478 հազար դրամ, քաղաքապետի տեղակալներն ու Երևանի գլխավոր ճարտարապետը՝ 443 հազարական դրամ, քաղաքապետի գլխավոր խորհրդականը՝ 370 հազար դրամ, խորհրդականները՝ 358 հազարական դրամ, օգնականն ու մամուլի քարտուղարը՝ 298 հազարական դրամ։
Քաղաքապետի գործավարը կստանա 261 հազար դրամ, քաղաքապետի տեղակալների օգնականները՝ 250 հազար դրամ, գլխավոր ճարտարապետի օգնականը՝ 237 հազար դրամ, քաղաքապետի առաջին տեղակալի գործավարը՝ 201 հազար դրամ։
Այս բոլորի աշխատավարձն ամսական կազմում է 9 մլն 807 հազար դրամ։
Վարչության պետերի աշխատավարձը 346 հազար դրամ է, նրանց տեղակալներինը և բաժնի պետերինը՝ 322 հազար դրամ է, բաժնի պետերինը՝ 291 հազար դրամ։
Վարչական շրջանների ղեկավարները կստանան 400 հազար դրամ աշխատավարձ, նրանց տեղակալներն ու աշխատակազմերի քարտուղարները՝ 346 հազար դրամ, գլխավոր մասնագետները՝ 250 հազար դրամ, առաջատար մասնագետը՝ 225 հազար դրամ։ Ընդհանուր առմամաբ, յուրաքանչյուր վարչական շրջանի աշխատակազմի այս աշխատակիցների աշխատավարձն ընդհանուր առմամբ կկազմի 1 մլն 913 հազար դրամ։
Ընդհանուր առմամբ 1998 հաստիքի համար ամսական տրամադրվում է 436 մլն 409 հազար դրամ աշխատավարձ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան