Համաներման նախագիծը ենթակա է փոփոխման. Արտակ Զեյնալյան
«Համաներման նախագիծը ենթակա է լրամշակման, փոփոխման»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով այն փաստարկին, որ մի շարք փաստաբաններ համաներման նախագիծն աննախադեպ չեն համարում, ավելին՝ «Սասնա Ծռերի» պաշտպանը չի բացառում, որ հետագայում կդիմեն ՍԴ։
«Նախադեպ, աննախադեպ լինելու գնահատականը լրիվ իրավունք ունեք տալու, մենք ասել ենք ընդարձակ և դա հենց այդպես էլ կա»,-ասաց կառավարության ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է տրվող գնահատականներին, որ 2013-ի համաներման ակտն ավելի մարդասիրական էր, նախարարի պաշտոնակատարն ասաց.
«Նախագիծ է սա, և մենք ունենք հիմնավոր փաստաթղթեր, ըստ որոնց՝ այս համաներումը բավականին ընդգրկուն է»։
Հարցին՝ ինչու որոշվեց «Սասնա Ծռերի» նկատմամբ համաներում կիրառել, իսկ Նորքի զինված խմբի նկատմամբ՝ ոչ, Զեյնալյանը պատասխանեց, որ դա բովանդակային քննարկման թեմա է։
«Համաներումը պետության պարտականությունը չէ, համաներումը կարող է արվել որպես բարի կամքի դրսևորում, լրացուցիչ՝ որպես շնորհ, որպես արտոնություն»,- ասաց նա։
Նախարարի պաշտանակատարը չցանկացավ անդրադառնալ ցմահ ազատազրկվածների հետ կապված խնդրին՝ շեշտելով, որ այդ հարցի պատասխանը կտրվի առաջիկայում՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովում փակ քննարկման ընթացքում։
«Եթե ցանկություն ունեք տեսնելու, որ փոփոխություն կա, պիտի տեսնեք, որ այս ոլորտի նկատմամբ քաղաքականությունը փոխվել է, այսպիսի քանակական վաղաժամկետ ազատումներ չեն եղել։ Այս ոլորտում հարցերին տեխնիկական լուծումներ են տրվում, որոնք թույլ կտան որակական արդյունքների հասնելու։ Անհատական մոտեցում ցուցաբերվում է յուրաքանչյուրին՝ դրական լույսի ներքո»,–ընդգծեց Զեյնալյանը։
Նա միաժամանակ նշեց, որ համաներման նախագիծը չպետք է տեղադրվեր ԱԺ կայքէջում, քանի դեռ այն չէր քննարկվել և վերջնական լուծումներ չէին տրվել։
Կառավարության ներկայացուցչի խոսքով, նախագիծը հրապարակման առարկա դարձնելը հակասում էր հանրային շահին։ Նախագծի փակ քննարկումըպետաիրավական հանձնաժողովում, ըստ նրա, ունի կոնկրետ հանրային շահ, դրանով հետապնդվում է լեգիտիմ սահմանադրական նպատակ՝ պաշտպանելու մարդկանց իրավունքները, սեփականության և այն բոլոր իրավունքները, որոնք կարող են դառնալ հնարավոր հանցագործությունների թիրախ։
Հարակից հրապարակումներ`
- Հոկտեմբերի 31-ին ԱԺ արտահերթ նիստ՝ համաներման հարցով
- ԱԺ-ի դիմաց պահանջում են՝ համաներումը տարածվի նաև ցմահ դատապարտվածների վրա
- Ավետիք Իշխանյան. Համաներումը պետք է տարածվի նաև զինվորական հանցագործությունների համար ցմահ դատապարտվածների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան