Աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին հանդես կգա Խաչատրյանի փառատոնի շրջանակում
Աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին հոկտեմբերի 31-ին հանդես կգա Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակում։ Նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Բորիս Բերեզովսկին համարվում է Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի լավագույն կատարողներից մեկը։ Դաշնակահարը խոստովանում է՝ Խաչատրյանի ստեղծագործություններն իր ռեպերտուարում իրենց ուրույն տեղն ունեն։ Երաժիշտը նկատում է, որ իր համար միշտ հաճելի է կատարել Խաչատրյանի գործերը, քանի որ նա ստեղծել է մաքրամաքուր և անկեղծ երաժշտություն։
Մի առիթով դաշնակահարը նշել է, որ ինքը գիտի հանդիսատեսին գրավելու միայն մեկ միջոց, և դա լավ նվագելն է։ Հայ երաժշտասերները հոկտեմբերի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնարավորություն ունեն ունկնդրելու աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկի վիրտուոզ կատարումը։
Ի դեպ, նույն երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի նաև Արամ Խաչատրյանի Թիվ 1 սիմֆոնիան։
Խաչատրյանի միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Դասականի և ազգայինի համադրում՝ Խաչատրյանի փառատոնի շրջանակում
- Խաչատրյանի փառատոնում ելույթ է ունեցել Օտրի տրիոն
- Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը՝ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան