Սննդագետ. Պետք է ահաբեկվել ոչ թե «ձիու միս» տերմինից, այլ...
Գումի շուկայի հարևանությամբ վաճառքի կետերից հայտնաբերած ձիու մսի մասին հարցերին պետական մարմինն այս պահին չի պատասխանում։
Պարզ չէ, թե ինչքան մսի մասին է խոսքը, գնորդներ եղե՞լ են, թ՞ե ոչ, որտեղի՞ց է միսը հայտնվել շուկայում, ի՞նչ պայմաններում են ձին կամ ձիերը մորթվել, դրանից հետո փորձաքննություն անցե˚լ է միսը, թե˚ ոչ, ի՞նչ է արվել հայտնաբերած մսի հետ։
Մինչ հստակ պատասխաններ կհնչեն այս հարցերին, այս պահին մնում է ենթադրություններ անել։ Եթե այն հայտնվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում, ապա կարելի է պնդել, որ վաճառվել է տավարի մսի անվան տակ, ուղեկցող փաստաթղթեր էլ չի ունեցել կամ էլ դրանք կասկածի տեղիք են տվել։ Փաստն այն է, որ միսը շուկա հասել է վատ վերահսկողության կամ նույնիսկ դրա բացակայության արդյունքում։
Ձիու մսի՝ շուկայում հայտնվելու պատճառների, դրա օգտագործման հնարավոր վտանգների մասին Panorama.am-ը խոսել է սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի հետ։ Նա նկատում է՝ ձիերին միշտ այս սեզոնին են սպանդի ենթարկում, ամռանը շահագործում են, ձմռանը՝ մորթում, նրանց ձմռանը կերակրելը թանկ է ու ոչ ձեռնտու։ Ու քանի որ հիմա տավարի միսը ոսկու գին ունի, ձիերին մորթելն ու միսը վաճառելը շահեկան բիզնես է։
Սակայն մարդկանց պետք է ահաբեկի ոչ թե «ձիու միս» տերմինը, այլ փաստը, որ միսը չի ենթարկվել մալլենիզացիայի, ինֆեկցիոն հիվանդությունների ստուգման (маллеинизация)։
«Խնդիրը ոչ թե ձիու մսի իրացման մեջ է, այլ պատշաճ պետական վերահսկողության չենթարկված լինելու։ Եթե ձին չի ենթարկվել մալլենիզացիայի, ոչ ոք չի կարող ասել, այդ ձին հիվա՞նդ է եղել, վարակվա՞ծ է եղել, թե՞ ոչ։ Այս պարագայում առկա են հանրային առողջապահական ռիսկեր՝ ընդհուպ վարակ»,- ընդգծում է մասնագետը։
Նա մատնացույց է անում զարգացած երկրների փորձը, որտեղ այս ոլորտում օրենսդրությամբ հստակ սահմանված են կոմերցիոն կեղծարարություններ, երբ մսի մի տեսակը փոխարինվում է մեկ այլ տեսակով։ Ձիու մսի շուրջ եվրոպական սկանդալն էլ նույն պատճառով էր, երբ լազանիայում ընդամենը 1 տոկոս ձիու միս էր հայտնաբերվել, և պարզվել էր, որ այդ ձին բուծվել է ոչ թե սննդում օգտագործվելու, այլ՝ ուրիշ նպատակով։
«Կան հորմոն, աճի խթանիչ, դոպինգ հասկացությունները։ Այս միջոցները չի թույլատրվում կիրառել այն կենդանիների նկատմամբ, որոնց միսը մարդը պետք է ուտի։ Այն կենդանիները, որոնք նախատեսված են ձիավազքի համար, բնականաբար նրանց կարելի է դոպինգ էլ տալ, դեղամիջոցներ էլ, նրանց միսը ենթակա չէ մարդու կողմից օգտագործման համար։ Սննդի իրացման կետերում կարող են իրացվել միայն այն ձեռնարկությունների ձիու միսը, որը ստացվել է անասնաբուժական համապատասխան հսկողությունից հետո։ Ահա այստեղ է խնդիրը»,-մանրամասնեց նա։
Թե որտեղից է միսը հասել Գումի շուկա, պարզելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ հետագծելիության սկզբունքը չի կարող աշխատել, քանի դեռ կենդանիները համարակալված չեն։
«Համարակալման դեպքում հնարավոր է յուրաքանչյուր կենդանու նույնականացում։ Ներողություն, շատ կոպիտ համեմատություն եմ անում, երբ մենք գնում ենք որևէ երկիր, մեզանից ուզում են նույնականացման քարտը, որի միջոցով պարզում են, թե ով է նա։ Հետագծելիության սկզբունքն այն է, երբ նույնիսկ մսեղիքը վերածվել է վերամշակված սննդի՝ երշիկի կամ պահածոյացված մսի, հնարավոր լինի նույնականացնել, թե տվյալ արտադրանքում որ կենդանու միսն է օգտագործվել։ Եթե համարակալում չկա, չկա կենդանի (ողջ) կենդանիների տվյալների միասնական ռեեստր, բնականաբար չի կարող լինել հետագծելի համակարգ»,-բացատրեց մասնագետը։
Միասնական ռեեստրի առկայության պայմաններում կենդանու մորթի կամ անկման պարագայում անասնաբուժական ծառայություն իրականացնող մարմնի կողմից կազմվում է արձանագրություն, կատարվում է ախտորոշում։ Նրա խոսքով, միայն այս դեպքում է երկրում հնարավոր ապահովել հանրային անասանբուժական առողջապահություն ու հանրային առողջություն, քանի որ մարդը կարող է վարակիչ հիվանդություններ ձեռք բերել կենդանու չստուգված մսից։
«Այստեղ մենք գործ ունենք շատ կարևոր խնդիրների հետ։ Դրա համար է ամբողջ աշխարհն այս ոլորտը գերկարևորում ու մեծ ներդրումներ անում։ Հիմա մեզ մոտ չկան համարակալում, ռեեստրներ»,-ասաց Պիպոյանը։
Նա հիշում է՝ Հայաստանում սկսել է աշխատել 2010 թվականից, այդ ընթացքում բազմաթիվ հայեցակարգեր են գրվել կենդանիների համարակալման, ռեեստրների ստեղծման մասին։
«Մենք ունենք հիանալի հայեցակարգեր, բայց դրանք գրվել են սառույցին ֆինանասկան միջոցներ չլինելու պատճառով»,-ասաց սննդագետը։
Նա ընդգծում է՝ ինչ լուծում էլ որ հիմա արվի, տեղային է լինելու։ Համակարգը նորացման, նորարարցման, թվայնացման կարիք ունի։
Հարակից հրապարակումներ`
- Իրացման ցանցում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ
- ՍԱՊԾ. Կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը
- Շանտղության մեխանիկան. տավարի մսի անվան տակ ձիու և ավանակի միս է վաճառվել. «Ժողովուրդ»
- Գումի շուկայում այսօր էլ են ձիու միս հայտնաբերել
- Գումի մսի շուկայի՝ սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող կետերը կփակվեն
- Գումի մսի շուկան՝ ՍԱՊԾ հորդորից հետո
- Համբուրգերային սկանդալ. ձիու միս տավարի փոխարեն
- Շուկայում վաճառվել է սատկած ձիու միս
- «Գումի շուկայի հարակից տարածքում մսի վաճառքի վիճակը պայթյունավտանգ է»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան