Ո՞ւր էին ՃՈ աշխատակիցները երեկ երեկոյան, երբ երթևեկությունը կաթվածահար էր
Երեկ երեկոյան հորդառատ անձրևի հետևանքով Երևանի մի քանի փողոցներում 10 բալանոց խցանումներ էին առաջացել։ Մարդիկ մի քանի ժամ անցակցրել են խցանման մեջ, նորմալ չի աշխատել հասարակական տրանսպորտը։
«Մենք ճանապարհային ոստիկանություն ունե՞նք» սոցցանցերում գրում էին խցանման մեջ մնացած քաղաքացիները։ Անձրևը կաթվածահար էր արել Երևանը։ Մինչ այս պահը պետական մարմինները ներողություն չեն խնդրել քաղաքացիներից՝ անհարամարությունների ու իրենց մեղքով հիվանդանալու համար։
Քիչ առաջ ոստիկանությունից Panorama.am-ին տրամադրվեց պարզաբանում, ըստ որի.
«Զանգվածային լրատվամիջոցներում ու սոցցանցերում հրապարակումներ են եղել, որ երեկ երեկոյան երթևեկության լարվածություն է արձանագրվել մայրաքաղաքի մի շարք փողոցներում ու խաչմերուկներում:
Տեղեկացնում ենք, որ, ըստ երևույթին, եղանակային հանգամանքներով պայմանավորված` երեկ Երևանում արձանագրվել է 130 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 90-ը` ժամը 16.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, այն դեպքում, երբ սովորաբար մայրաքաղաքում օրվա ընթացքում արձանագրվում է մինչև 80 ճանապարհատրանսպորտային պատահար, որից մինչև 40-ը` նշված ժամանակահատվածում:
Ճանապարհատրանսպորտային պատահարների աննախադեպ աճով պայմանավորվեած` ճանապարհային ոստիկանության ուժերն ու միջոցներն օգտագործվել են պատահարների դեպքերի վայրերի պահպանության և սահմանված կարգով դրանց արձանագրման համար: Դրա հետևանքով Երևանի որոշ գերծանրաբեռնված խաչմերուկներում ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերի կողմից երթևեկությունը չի կարգավորվել:
Հարկ է նշել, որ բոլոր խցանված խաչմերուկները ունեն լուսացուցային կարգավորում, և խցանումներն առաջանում են վարորդների կողմից ճանապարահային երթեևեկության պարզագույն կանոնների խախտման հետևանքով:
Մասնավորապես, չեն կատարվում «Ճանապարհային երթևեկության կանոնների» 88 կետի պահանջները, համաձայն որի`արգելվում է մուտք գործել խաչմերուկ կամ երթևեկելի մասերի հատում, եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգնել` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցի երթևեկությունը:
Հարգելի վարորդնե´ր, հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության կանոնների բոլոր պահանջները, իսկ եղանակային բարդ պայմաններում լինել առավել կարգապահ և ուշադիր, ինչով, կաջակցեք ճանապարհային ոստիկանության աշխատանքին` նպաստելով երթևեկության անվտանգության և մասնակիցների կյանքի ու առողջության պահպանմանը»։