Փոխնախարար. Անհապաղ պետք է տուն բերել դաշտում մնացած բերքը
Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հողագործներին կոչ է անում օգտվել այսօրվա հիանալի եղանակից ու դաշտում մնացած բերքը տուն հասցնել։ Առաջիկա գիշերն արդեն ցրտահարության վտանգ կա։ Դրանից հետո էլ արագ պետք է տերևաթափ եղած խաղողի վազերը պահել հողի շերտի տակ՝ այգեթաղ անել։
«Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերվանից սկսած սպասվում է բացասական ջերմաստիճան, առանձին հատվածներում այն կարող է հասնել նույնիսկ մինչև -9-ի»,-Panorama.am-ին ասաց փոխնախարարը։
Նա գիտի՝ դաշտում մնացած պղպեղ կա, ծաղկակաղամբ էլ, լոլիկ, վարունգ ու սմբուկ էլ, բարձրլեռնային հատվածներում կարտոֆիլն ու գազարը չեն հասցրել քանդել։ Թե բերքի ինչ ծավալների մասին է խոսքը, նախարարության պաշտոնյան չգիտի։ Ամեն դեպքում, ըստ նրա, կաղամբն ու ծաղկակաղամբն ավելի ցրտադիմացկուն են, պետք է առաջին հերթին փրկել լոլիկը, սմբուկը, վարունգն ու պղպեղը, տեղ-տեղ վազերին մնացած խաղողը։
Փոխնախարարի խոսքով, պետք է արագացնել նաև կարտոֆիլի բերքահավաքը, հակառակ դեպքում կվնասվեն հողի շերտին մոտ գտնվող պալարները։ Նա անթույլատրելի է համարում, որ մինչ այս պահը բարձրադիր գոտիներում բերքահավաքը չի ավարտվել։ Համարում է, որ հողագործներին եղանակային պայմանների մասին իմանալուն պես տեղեկացրել են գյուղացիներին։
«Եթե ինչ-որ մի բան տեղի ունեցավ, ապա դա տվյալ հողօգտագործողի պատճառով է։ Իրենք տեղյակ են, նոր բան չի, տարվա այս եղանակի համար օրինաչափ բան է բացասական ջերմաստիճանը»,-նշեց նա՝ հիշելով՝ տարիներ են եղել, որ Արարատյան դաշտավայրում ցրտահարություն գրանցվել է հոկտեմբերի առաջին տասնօրյակում, իսկ նախորդ ամբողջ ձմեռը տաք էր, նույնիսկ այգիները թաղելու կարիք չեղավ։
Պետրոսյանին խիստ անհագստացնում է այն, որ աշնանացանն են ուշացնում, մինչդեռ այն պետք է ավարտել կայուն ցրտերը սկսկելուց 50-60 օր առաջ, Արարատյան հարթավայրում՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում, բարձրադիր վայրերում՝ սեպտեմբերի վերջին։
«Շիրակում, Լոռիում դեռևս մարդիկ կան, որ աշնանացան են իրականացնում։ Բույսը չի հասցնի թփակալել, բացասական ջերմաստիճանի դեպքում արդեն բավականին վնասվում է։ Թփակալման համար 50-60 օր է պահաջվում։ Թփակալած աշնանացանը դիմանում է մինչև -15 աստիճան ցրտերին առանց ձնածածկույթի։ Մարդիկ ռիսկի են դիմում, եթե ցրտերը շուտ ընկնեն, ցանքերը կնոսրանան, բերքն էլ շատ քիչ է լինում»,-մանրամասնեց խնդիրը նա։
Բացի աշնանացանի ուշացումից պաշտոնյային մտահոգում է նաև դրանց մակարեսը. «բոլոր դեպքերում տեմպը չի գոհացնում, դանդաղ է, իհարկե վերջնական տվյալներ կհրապարակենք հաջորդ շաբաթ»։
Նա ևս մեկ անգամ կոչ է անում՝ չձգձգել գյուղատնտեսական աշխատանքները, արագ նկուղներ տեղափոխել բերքը, հենց վաղվանից ձեռնամուխ լինել այգեթաղի կատարմանը։