Հիշեցում հոգեբուժարանի փոխտնօրենին՝ ՄԻՊ-ն անկուսակցական է
Նուբարաշենի հոգեբուժարանի փոխտնօրեն Արմենակ Բակունցը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում պնդում է՝ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀԿ-ական է։
ՄԻՊ աշխատակազմում ծանոթացել են բաց նամակին։ Բակունցին հիշեցնում են՝ օմբուդսմենն անկուսակցական է։
«Մարդու իրավունքների պաշտպանը կուսակցական պատկանելիություն չունի, նա անկուսակցական է, անկողմնակալ է ցանկացած հարցում, առաջնորդվում է պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի աշխատակից Արև Ավագյանը։
Հիշեցնենք, որ Բակունցը բաց նամակով Փաշինյանին պատմել էր Բժշկականում տեղի ունեցած միջադեպի «պատճառների» մասին, ստորագրահավաքը նախաձեռնողին ու դրան միացածներին։
Ի դեպ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը սահմանում է. «Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում Պաշտպանը պարտավոր է ցուցաբերել քաղաքական զսպվածություն»։
ՄԻՊ աշխատակազմից չմեկնաբանեցին Նարեկ Վանեսյանի հայտարարությունն այն մասին, ըստ որի, ՄԻՊ հրապարակած տեղեկատվությունը «հեռու է իրականությունից»։
«Մենք նախքան իր հրաժարական տալը մեր դիրքորոշումը հայտնել ենք, այս պահին մեր կառույցը որևէ պաշտոնական դիրքորոշում այս պահին չունի»,-ասաց Արև Ավագյանը։
Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասուլիսում հայտարարեց, որ հոգեբուժարանի տնօրեն Նարեկ Վանեսյանն ազատված է աշխատանքից, ասաց՝ դա կապված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության հետ, ոչ թե Բժշկական համալսարանում տեղի ունեցած հայտնի միջադեպի հետ։
«Հուսով եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես մեր ոլորտում է այդպես հետևողական մարդու իրավունքների պաշտպանությանը, նույն կերպ էլ մյուս ոլորտներում կլինի։ Ամեն դեպքում մենք պատրաստ ենք իրենց հետ աշխատել»,-ասաց Թորոսյանը։
Առողջապահության նախարարն, ըստ էության, ակնարկեց ՄԻՊ աշխատակազմի անկողմնակալության մասին։ ՄԻՊ գրասենյակում հայտարարությունն այդ կերպ չեն ընկալել։
«Ես նման կասկած չտեսա, նախարարն այդպիսով կարևորեց մեր աշխատանքը»,-ասաց հանրային կպերի բաժնի աշխատակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Վանեսյան. Հրաժարական եմ ներկայացնելու
- ՄԻՊ. Հոգեբուժարանի տնօրենը թույլ է տվել անօրինական վարքագիծ
- Վանեսյանի մասնակցությամբ միջադեպի տեսանյութն է հրապարակվել
- Բժշկականում սկանդալ սարքած Վանեսյանը հայտարարել է, որ նախարարն իր ընկերն ու իրենց դեմ խաղ չկա. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան