ԱՄՆ-ն իր պաշտոնյանին ՀՀ գործուղելով՝ որևէ կերպ կամ ոչ ամբողջությամբ բավարարում չի ստացել. Ոսկանյան
«Հայաստանից ակնկալիքները ԱՄՆ քաղաքական ուղեծրում չպետք է մեծ լինեն, քանի որ Հայաստան-Իրան հարաբերությունները մեզ համար կենսական կարևորություն ունեն, հետևաբար որևէ խելամիտ պետություն չի կարող հրաժարվել սեփական շահերից հանուն ուրիշի շահերի»,-«Ի՞նչ կփոխի ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի կովկասյան այցն աշխարհում և Հայաստանում» թեմայով քննարկմանն ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
Նա նշեց, որ ԱՄՆ-ն թիվ մեկ գերտերությունն է այսօր աշխարհում, հաշվի չնստել այս պետության շահերի հետ կոպտագույն սխալ կլինի, բայց դա չպետք է արվի Հայաստանի շահերի հաշվին։
«Այլ խոսքերով՝ Հայաստանի առջև չպետք է խնդիր դրվի «կամ-կամ»-ի կամ՝ ընտրության՝ Իրանը կամ մենք։ Հայաստանը մշտապես աչքի է ընկել մեր տարածաշրջանում ոչ թե շահերի հակասությունների վրա խաղալու իմաստով, այլ այդ շահերը համադրել փորձելու կամ համադրելու խելամիտ քաղաքականությամբ։ Այս իմաստով ակնհայտ է, նաև դատելով Բոլթոնի հետագա հայտարարություններից, այն ակնկալիքների դաշտը, որ ունեցել է ԱՄՆ իր բարձրաստիճան պաշտոնյանին Հայաստան գործուղելով կամ որևէ կերպ կամ ոչ ամբողջությամբ բավարարում չի ստացել։ Սա ճիշտ է, որովեհետև Հայաստան-Իրան սահմանը մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է»,- ասաց իրանագետը։
Քննարկմանը ներկա միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով, Բոլթոնի այցը տարածաշրջան նախ և առաջ ճանաչողական է, այս տարածաշրջանում չի եղել։
«Կարծում եմ, մեծ հաշվով բավականին շատ բան իմացավ, բավականին շատ մեսիջներ ստացավ և տարածաշրջանից հեռացավ»,- ասաց նա։
Հարցին, թե խոսում են Իրանի շուրջ օղակը սեղմվելու մասին և ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար, Վ. Ոսկանյանն ասաց, որ Իրանի շուրջ օղակը սեղմելու մասին կոչերը մի փոքր չափազանցված են, Իրանի նախագահն ասում է, որ ԱՄՆ-ն կիրառել է իր ունեցած պատժամիջոցների գրեթե ողջ գործիքակամզը, գրեթե ոչինչ չունի Իրանի դեմ որպես պատժամիջոց կիրառելու համար։
«Մեզ համար որոշակի ռիսկայնություն պարունակող գործողություններ են ԱՄՆ գործողությունները, բայց սարսափազդու չեն»,-ասաց Վ. Ոսկանյանը` հավելելով, որ պատժամիոջները կարող են լրացուցիչ հնարավորությունների պատուհան բացել Հայաստանի համար։
Խոսելով ԱՄՆ կողմից զենքի վաճառելու հայտարարությունների մասին, մասնավորապես 907-րդ բանաձևի, Ս. Սարգսյանն ասաց. «Վերջին 25-30 տարում ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբինգը ձգտում էր հասնել այդ բանաձևի կասեցմանը, կարծես արդյունքի են հասնում։
Հայաստանը մի քիչ ավելի մեծ բարդություններ կունենա ԱՄՆ-ից զենք առնելու հարցում, քանի որ այն ավելի թանկ է։ Կարծում եմ, շուկան հիմնականում ԱՄՆ-ն հենց Ադրբեջանի համար է բացում։
Իմ կարծիքով, դժվար է լինելու ուժը կորցրած ճանաչել բանաձևը։ Վաշինգտոնի հայկական կազմակերպություններն ատամներով պահում են այդ բանաձևը, իրենց համար սկզբունքային նշանակություն ունի։ Կարծում եմ, բարդ է լինելու, որ ԱՄՆ նախագահ Թրամփը այդ բանաձևը ուժը կորցրած ճանաչելու համար մտնի Կոնգրես, պետք է գտնել ուղիներ շրջանցելու համար։
Ցանկանում են զենք վաճառել, բայց իրենք նաև ցանկանում են դա իրավական դաշտում անել, օրենքով անել»։
Նշենք, որ 907-րդ բանաձևը Կոնգրեսի կողմից ընդունվել է 1992թ, որով ամերիկյան վարչակազմին արգելում է պետական մակարդակով օգնություն տրամադրել Բաքվին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-25-ին Հայաստան էր այցելել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը։ Նա հանդիպումներ է ունենալու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Երևանում ասուլիսի ժամանակ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղմման և Ադրբեջանին զենք վաճառելու մասին վերաբերող հարցին ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պատասխանել է. «Այս պահին դեռևս որոշում կայացված չէ և չեմ կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի որոշումը զենքի վաճառքն ավելացնելու վերաբերյալ։ Բայց իրավիճակն այսպիսին է՝ Հայաստանն իր զենքի մեծամասնությունը ձեռք է բերում Ռուսաստանից, Ադրբեջանը նույնպես իր զենքի 80 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից։ Այս հանգամանքն անշուշտ չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանզի դա Ռուսաստանին կողմերի նկատմամբ մեծ ազդեցության լծակ է տալիս և խաղաղության չի բերում։ Մենք ամերիկացիներ ենք, մենք հավատում ենք մրցակցությանը՝ որպես բարելավման շարժիչ ուժ։ Մեր զենքն ու զինամթերքն այս պարագայում ավելի լավն է, քան ռուսականը։ Կարծում եմ, սա մենք պետք է քննության առնենք, դիտարկենք մեր օրենքների շրջանակում»։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ադրբեջանական սպառազինության մրցավազքը «հետբոլտոնյան» շրջափուլում
- Բոլտոնը Հարավային Կովկասում ստուգեց ամերիկյան բնագծերը
- ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Հայաստանը հսկայական անելիք ունի. Արա Պապյան
- Այս այցով չեմ եկել ԼՂ խնդրի կարգավորման հարցում նոր լուծումներ առաջարկելու. Ջոն Բոլթոն
- Հայ-ամերիկյան հարաբերությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն. Ջոն Բոլթոն
- Փաշինյան. Բոլտոնի հետ բանակցությունները անցան խիստ դրական մթնոլորտում
- Բոլտոն․Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի
- Ինչ կարող է տեսնել Ջոն Բոլտոնը Հայաստանի զինանշանի վրա