«Խնդրում եմ, անհարկի չշահարկել իմ հետ կատարված միջադեպը». բժիշկ Հայկ Հովհաննիսյանը՝ Առողջապահության նախարարին
Առողջապահության նախարար Արսեն Թորսյանն այսօրվա ասուլիսի ընթացքում փորձելով մեղմել իր ընկերոջ՝ Հոգեկան առողջության ազգային կենտրոնի արդեն նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի հրահրած միջադեպի արդյունքում առաջացած հանրային դժգոհությունը, հայտարարեց, թե հեղափոխության օրերին, երբ բժշկի ծեծի ենթարկեցին Մարդու իրավունքների պաշտպանն ու մյուս պատասխանատու մարմինները, իբր, նույնքան օպերատիվություն չցուցաբերցին, ինչպես Նարեկ Վանեսյանի միջադեպի պարագայում էր:
Արձագանքելով Արսեն Թորոսյանի հայտարարությանը բժիշկ Հայկ Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Տեղեկացա, որ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանն այսօր իր ասուլիսում նշել է, որ ապրիլյան օրերին իմ հետ արձանագրված միջադեպը որևէ արձագանք չի ստացել ԵՊԲՀ ղեկավարության կողմից: Տեղեկացնեմ, որ դեպքից անմիջապես 5 րոպե հետո, երբ ես հիվանդանոցում էի, ինձ մոտ է եկել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և բուհի ողջ ղեկավարությունը:
Նույն պահին ղեկավարության կողմից հրապարակայնորեն խստորեն դատապարտվեց իմ հետ գրանցված միջադեպը և անմիջապես պատկան մարմինները տեղեկացվեցին կատարվածի մասին, որից հետո 1 ժամվա ընթացքում ոստիկանության ղեկավարությունից այցելեցին ինձ և հրապարակային ներողություն խնդրեցին կատարվածի համար: Նշեմ նաև, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ևս այցելեց ինձ հենց նույն օրը: Դատապարտեց միջադեպը և իր աջակցությունը հայտնեց: Խնդրում եմ, անհարկի չշահարկել իմ հետ կատարված միջադեպը»: