Հայաստանի պատմության թանգարանը կմասնակցի Լոնդոնի միջազգային ցուցահանդեսին
Լոնդոնի Բրիտանական թանգարանում նոյեմբերի 8-ին կբացվի «Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա» խորագրով միջազգային ցուցահանդեսը, որը կգործի մինչև 2019 թվականի փետրվարի 24-ը:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ցուցահանդեսին կներկայացվի 200 նմուշ. 120-ը Բրիտանական թանգարանի հավաքածուից, իսկ 80-ը կփոխառվեն Հայաստանի պատմության թանգարանից, Փարիզի, Բեռլինի, Սանկտ Պետերբուրգի, Վատիկանի և Նիկոզիայի հայտնի թանգարաններից:
Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսին կներկայանա ուրարտական արվեստի 10 բացառիկ նմուշներով, որոնք, ըստ Բրիտանական թանգարանի մասնագետների և ներկայիս ցուցահանդեսի համակարգող Գարետ Բրերետոնի, առանձնահատուկ կարևորություն ունեն իրենց ցուցադրության համար՝ որպես բացառիկ և արժեքավոր վկայություն այդ ժամանակաշրջանում տարածաշրջանի` Ասորեստանի, Արևմտյան Իրանի և խեթական պետությունների արվեստի ու մշակույթի համատեքստում:
Հայաստանի պատմության թանգարանի մասնակցությունն այս ցուցահանդեսին աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Լոնդոնի Բրիտանական թանգարանում, Հայաստանի և հայկական մշակութային ժառանգության արժևորման և հանրահռչակման բացառիկ հնարավորություն է: