Խաժակյան. Երևանի քաղաքապետն ավելի շատ տեղակալ ունի, քան վարչապետը
Երևանի ավագանու արտահերթ նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ելույթում հայտարեց՝ հաստիքացուցակների չփոփոխումն օբյեկտիվ չէ։
«Կան հաստիքներ, որոնք այս պահին անհրաժեշտ է կրճատել»,-ասաց խմբակցության ղեկավար Խաժակյանը։
Նա ներկաներին կոչ արեց քաղաքապետի աշխատակազմը համեմատել վարչապետի աշխատակազմի հետ։
«Քաղաքապետան ունի մեկ առաջին տեղակալ, երեք տեղակալ, վարչապետն ունի երեք տեղակալ։ Հասկանալի է, որ ժամանակին գործել է բոլորովին այլ տրամաբանություն։ Այս թվին մենք գումարում ենք, որը հիմա հաստատում ենք, յոթ խորհրդական և հինգ օգնական։ Անցած մեկ ու կես տարում մենք համոզվեցինք, որ կային տեղակալներ ու խորհրդականներ, որոնք համակարգում էին կոնկրետ ոլորտներ՝ վարչությունների ոլորտները։ Ըստ էության, այդ համակարգումը, կառավարումը տեղի է ունենում միջնորդավորված։ Վարչության պետը որոշում կայացնող չէ, երբ խոսում է կարևոր խնդիրների մասին»,-ասաց Խաժակյանը՝ ընդգծելով, եթե պահպանվում են հաստիքները, ապա պահպանվում է նախորդ տրամաբանությունը։
«Լույս»-ի ներկայացուցիչն ասաց՝ պետք չէ ասել, որ պատճառը ժամանակն է, քանի որ քիչ անց քվեարկելու են չորս տեղակալներ ունենալու օգտին։
«Ես սրան գումարում եմ նաև քաղաքապետի հինգ օգնականներին, որոնք գումարային աշխատավարձը մեկ ամսվա կտրվածքով կազմում է հինգ միլիոն 125 հազար դրամ և տարբերությունը մեր առաջարկած կրճատումների դեպքում շուրջ 3.2 մլն դրամ է, իսկ մեկ տարվա կտրվածքով կստացվի 39 մլն դրամ»,-ասաց նա։
Խմբակցությունն առաջարկում է, որ քաղաքապետն ունենա մեկ առաջին տեղակալ, մեկ տեղակալ, խորհրդականների թիվը կրճատել՝ 7-ից հասցնելով 2-ի։
«Նկատի ունեցեք, որ վարչապետն ունի 5 վճարովի խորհրդական, իսկ Երևանի քաղաքապետն ունի 7 խորհրդական և մեկ գլխավոր խորհրդական, չեմ հաշվում նաև խորհրդակայն-դիզայներին։ Հասկանալի է, որ ասպիսի ճոխություն քաղաքը չի կարող իրեն թույլ տալ։ Ժամանակին, ավանդույթի ուժով եկել է, էդ հաստքիները չեն կրճատվել, հիմա հո մենք կարո՞ք ենք այդ փոփոխությունն իրականացնել»,-շարունակեց հիմնավորումները Խաժակյանը։
Խմբակցության ղեկավարը նկատեց՝ անցանկալի է հիմա նշանակել քաղաքապետի տեղակալ, հետո նրան ասել՝ գիտե՞ք, օպտիմիզացում է եղել։ Նա նշեց, իրենք շատ հստակ առաջարկներ են արել, այդ թվում օգնականներին կրճատելու մասին։
«Քաղաքապետն ունի 5 օգնական, սա ևս անհասկանալի մի թիվ է էսպիսի վարչական ապարատի դեպքում։ Մենք առաջարկել ենք օգնականների թիվը դարձնել երեք, այսինքն կլիներ երկու տեղակալ, 2 խորհրդական և 3 օգնական։ Սրանք օդից վերցված թվեր չեն։ Այս հաստիքները լիովին բավարար են արդյունավետ կառավարում իրականացնելու համար»,-ասաց նա։
Դավիթ Խաժակյանը հայտարարեց, քանի որ այս առումով որոշակի դրական տեղաշարժ չկա, ապա «Լույս» խմբակցությունը դեմ է քվեարկելու այն նույն նախագծինբ, որին դեմ էր քվեարկել «Ելք» խմբակցությունը նախորդ գումարմանը։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում ընդգրկված է հաստիքացուցակները, դրույքաչափերն ընդունելու մասին հարցը, ըստ հրապարակված նախագծի, որևէ փոփոխություն չի նախատեսվում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչքան աշխատավարձ են ստանալու քաղաքապետարանի ու թաղապետարանների պաշտոնյաները
- Հայտնի են Երևանի փոխքաղաքապետերի անունները