Արվեստ, որ ժպիտ է պարգևում. Հարություն Չալիկյանի ցուցահանդեսը բացվել է նկարիչների տանը
Հոկտեմբերի 27-ին Հայաստանի նկարիչների տան առաջին հարկի մեծ ցուցասրահում բացվեց ծաղրանկարիչ, քանդակագործ Հարություն Չալիկյանի հոբելյանական անհատական ցուցահանդեսը: Այն բաց կլինի մինչև նոյեմբերի 1-ը:
Անվանի արվեստագետ Հ. Չալիկյանը մեկ հարկի տակ է հավաքել Շառլ Ազնավուրին, Սերժ Թանկյանին, Վլադիմիր Պուտինին, Թերեզա Մեյին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, Անգելա Մերկելին, Օհան Դուրյանին, Քըրք Քըրքոյանին, Եղիշե Չարենցին, Սոս Սարգսյանին և շատ ուրիշ հանրահայտ դեմքերի՝ իր թեթև ձեռքով թղթին ու քարին տալով ժպիտ, որը փոխանցվում է նաև այցելուներին:
Ցուցահանդեսին ներկայացված են հեղինակի ստեղծած 120-ից ավելի ծաղրանկարներ, քանդակներ և մեդալներ: Նա նաև հումորային, դիպուկ երկտողեր է գրել իր յուրաքանչյուր հերոսի մասին` դրանցում միառժամանակ արտահայտելով քաղաքական և սոցիալական խնդիրների շուրջ իր սուր մոտեցումները:
Ցուցահանդեսի բացմանը շնորհավորանքի խոսքով հանդես եկան նկարիչների, ծաղրանկարիչների և ճարտարապետների միությունների նախագահները, ինչպես նաև ՀՀ ժողովրդական և վաստակավոր արտիստներ: Ծաղրանկարիչների միության նախագահ Սուքիաս Թորոսյանը Հարությունին հանձնեց առաջին կարգի «Երգիծանկարչության ասպետի» կոչումը:
Ասում են` արվեստի ուժը չափվում է իր պարգևած էմոցիայով. Չալիկյանի արվեստը պարգևում է հանդիսատեսին ամենակենսական էմոցիան – ուրախություն և ժպիտ, ստիպում է նաև խորը մտածել:
«Իմ ծաղրանկարները ծաղրելու կամ նշավակելու նպատակ չունեն: Դրանք ցույց են տալիս իմ հերոսների բնավորությունն ու ներքին էությունը: Այդ պատճառով ես դրանց հաճախ վերաբերվում եմ ինչպես հոգեբանական դիմանկարների»,-ասում է հեղինակը:
Հարցին, թե ի՞նչն է իրեն ոգեշնչում կյանքում և ստեղծագործելիս, Հարությունն անկեղծորեն պատասխանում է՝ ԻՄ ԿԻՆԸ:
«Հարությունի աշխատանքները կարելի է ճանաչել առաջին հայացքից՝ շնորհիվ նրա յուրահատուկ գրաֆիկական ոճի: Նրա աշխատանքներում անհնար է չնկատել մարդու ներքին գեղեցկությունը ցույց տալու ձգտումը»,- ասում է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը:
Բացի ծաղրանկարներից և քանդակներից Հ. Չալիկյանը Հայաստանի ոսկու գործարանի հետ համագործակցությամբ ստեղծել է նաև ոսկե մեդալների 2 հավաքածու. առաջինը՝ Մեծ ութնյակի երկրներնի նախագահների, երկրորդը՝ հայտնի ֆուտբոլիստների պատկերներով: Այդ հավաքածուները 2017-ին ցուցադրվել են Գերմանիայում, Ռուսաստանում և այլ երկրներում:
Հ. Չալիկյանի աշխատանքները ցուցադրվել են Փարիզում, Նյու Յորքում, Մոսկվայում, Քեմբրիջում, Երևանում և այլ քաղաքներում: Նա մի շարք միջազգային պարգևների դափնեկիր է:
«Ժպիտներ» ցուցահանդեսը այցելուներին ժպիտ կպարգևի մինչև նոյեմբերի 1-ը:
Լուսանկաները վերցված են Հարություն Չալիկյանի ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան