Տավուշի մարզպետ․ Սահմանին կրակոց չկա
Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև օպերատիվ կապի շնորհիվ Հայաստանի սահմաններում իրավիճակը հանգիստ է։
«Վերջին 17-18 օրերին մենք ընդամենը 1 տեղում ենք ունեցել կրակահերթի փոխանակում։ Սահմանին կրակոց չկա»,-այս մասին Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպված «Տեղական ինքնակառավարման խնդիրների ու հեռանկարների» վերաբերյալ սեմինարից հետո լրագրողներին ասաց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը՝ հավելելով, որ սա կապված է օպերատիվ կապի հետ։
Նշեց, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել մեկ դիրքում օրեր առաջ ու շատ կարճ։ Մնացած դիրքերում իրավիճակը հանգիստ է։
Տավուշի խնդիրներին անդրադառնալով՝ մարզպետն առաջնային համարեց գործազրկությունը․ զբաղվածության կենտրոնում գրանցված է 5800 գործազուրկ։ Մարզպետը նշեց, որ ներկա պահին մարզից տեսանելի արտագաղթ չկա, ավելին, կան մարդիկ, գործարարներ, ովքեր ցանկություն ունեն տեղափոխվել մարզ ու գործարարությամբ զբաղվել։
Հարցին, թե սահմանամերձ համայնքում բիզնես ծրագրերի դեպքում գործարարներն ազատվում են շահութահարկից, արդյոք կան արդեն ծրագրեր, մարզպետը նշեց, որ արդեն կա օրինակ՝ Տավուշ տեքստիլի գործունեությունը, որը մի քանի տարվա ընթացքում պետք է 520 աշխատատեղ պետք է բացի։
Մարզպետը, անդրադառնալով մտավախությանը, որ մեծահարուստները կարող են իրենց բիզնեսները տեղափոխել սահմանամերձ համայնքներ, ասաց. «Ես այդ մտավախությանը դեմ եմ, եթե անգամ մեծահարուստները պետք է բերեն, թող բերեն։ Մեր սահմանի խնդիրները շատ ավելի մեծ են, քան ինչ-որ մեծահարուստի հնարավորություն տալ մեծացնելու իր շահույթը՝ շահութահարկի պատճառով»։