Կամո Արեյանին կառաջարկենք իմ խորհրդական աշխատել․ Հայկ Մարության
«Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակում փոփոխություններ են լինելու»,- այսօր ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Հաստիքացուցակն ընդունվեց, և ես կկարողանամ պաշտոնապես իմ օգնականներին և խորհրդականներին ընդունել աշխատանքի, այս պահին ես ունեմ մեկ խորհրդական, ով աշխատում էր հասարակական հիմունքներով։ Նա այժմ կարող է ընդունվել աշխատանքի, նա Կարեն Հարությունյանն է, իսկ ինչ վերաբերում է խորհրդականներին, ես պետք է որոշում կայացնեմ: Փոփոխություն լինելու է հաստիքացուցակում, և օրինակ, եթե նախկինում 7 խորհրդական կար, այժմ ես կարող եմ ունենալ 2 կամ 3 խորհրդական, և մյուս խորհրդականների համար նախատեսված գումարը դուրս չի գալու քաղաքապետարանի բյուջեից»,-ասաց Հայկ Մարությանը:
Անդրադառնալով Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեղակալներ Կամո Արեյանին և Վահե Նիկոյանին, Հայկ Մարությանը նկատեց, որ ինքը վերջինիս առաջարկել է շարունակել պաշտոնավարումը՝ որպես խորհրդական, սակայն նա հրաժարվել է։
«Բայց միևնույն ժամանակ ասել է, որ պատրաստ է, ինչքան որ պետք է, օժանդակել մեզ ինֆորմացիայի փոխանցման առումով։ Թե Կամո Արեյանի, թե Վահե Նիկոյանի պրոֆեսիոնալիզմն ու ինստիտուցիոնալ հիշողությունը շատ կարևորում եմ և Կամո Արեյանի հետ զրույց կունենանք։ Եթե նա համաձայնի խորհրդականի դեր ստանձնել, ես կցանկանամ, որ նա մնա»,- ասաց Երևանի քաղաքապետը:
Հարցին՝ եթե նրանք նախկին իշխանության ներկայացուցիչներ չլինեին, ապա կթողնե՞ր նրանց նույն պաշտոնում, Հայկ Մարությանն ասաց, որ քաղաքական թիմը փոխվել է, և ինքը պետք է ունենա մարդիկ, որոնք իրենց գիծն են առաջ տանելու:
Դիտարկմանը, թե փաստորեն քաղաքապետը երկու տեղակալ ունի մշակութային ոլորտից՝ Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը և պրոդյուսեր Սերգեյ Հարությունյանը, Հայկ Մարությանն ասաց, որ Սերգեյ Հարությունյանն առավելապես ՏՏ ոլորտի, արտաքին գովազդի ու առևտրի մասնագետ է:
Հարակից հրապարակումներ`
- Իմ գլխավոր միսիան երևի նրա մեջ է, որ հեշտացնեմ երևանցիների կյանքը. Արթուր Մեսչյան
- Կարծում եմ՝ ինստիտուցիոնալ փոփոխությունները կախված չեն լինի անձերից. Երևանի փոխքաղաքապետ
- Հայկ Մարությանը մոտ մեկ ամիս համոզել է Վիրաբյանին ստանձնել փոխքաղաքապետի պաշտոնը
- Ես խոսքից անցել եմ գործի. Հայկ Մարության