Իմ գլխավոր միսիան երևի նրա մեջ է, որ հեշտացնեմ երևանցիների կյանքը. Արթուր Մեսչյան
«Այս աշխարհում անշտկելի բան չկա, պետք է կամք, ժամանակ, նվիրվածություն, մնացածը կստացվի»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի դեմքը փրկելու վերաբերյալ հարցադրմանը։
Հարցին՝ ինքը կկարողանա՞ հետ բերել կամ գոնե պահել Երևանի՝ արդեն իսկ կորսված դիմագիծը, նա պատասխանեց. «Ես կփորձեմ»։
Իսկ ի՞նչ կարծիք ունի «Հին Երևան» նախագծի մասին, ըստ իրեն ճի՞շտ էր հինը քանդելով՝ կրկին հինը վերակառուցել, հետաքրքրվեցին լրագրողները։
««Հին Երևան» նախագիծն այն նախագծերից է, որ ավելի վատ վիճակում գցել ճարտարապետին, ուղղակի պատկերացնել չի կարելի, որովհետև իրարամերժ թույլտվություններ են եղել, տարօրինակ բաներ են կատարվել։ Բայց հուսով եմ՝ կլուծվի»,- նշեց Երևանի գլխավոր ճարտարապետը։
Անդրադառնալով իր առաջիկա անելիքներին՝ Արթուր Մեսչյանը նշեց, որ նախ պետք է հասկանա՝ ինչու է քաղաքի ճարտարապետը կոչվում «գլխավոր»։
«Սարսափելի զարզանդում եմ։ Քաղաքի ճարտարապետն ո՞վ է, նրա գործառույթն ի՞նչ է։ Կա սխալ կարծիք, որ քաղաքի ճարտարապետը ստեղծագործական պատասխանատվություն է։ Այդպես չի։ Ես երևի թե կփորձեմ լինել առաջին ճարտարապետը, որն իր գործունեության ժամանակ ոչ մի նախագիծ Երևանի սահմանում չի անելու, որովհետև դա բերում է բավականին տխուր հետևանքների։ Ես դա չեմ անի։ Բացի դրանից՝ այնքան շատ աշխատանք կա անելու, գործառույթն այնքան բարդ է, որ զբաղվել նախագծմամբ և ստեղծագործական աշխատանքով, մի քիչ ծիծաղելի է։ Այսինքն՝ պետք է ճշտել գլխավոր ճարտարապետի ինստիտուտը՝ դա ինչ է, ինչի համար է, ինչ կարող է անել և ինչ չի կարող անել ոչ մի դեպքում»,- ասաց նա։
Լրագրողները Մեսչյանին խնդրեցին թվարկել մի քանի շենք, որոնց քանդման ժամանակ իր սիրտը «մրմռացել է»։
«Ճիշտն առած՝ իմ սիրտն ամեն ինչի համար էլ մրմռացել է, բայց ես ոչ մի իրավասություն չունեի»,- ասաց մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը՝ շեշտելով, որ իր աջակցությունը միայն քաղաքաշինության օրենքներն են, երևանցիների մասին հնարավորինս մտածելը։
«Իմ գլխավոր միսիան երևի նրա մեջ է, որ առաջինը՝ հեշտացնեմ նրանց կյանքը։ Իմ աջակցողն օրենքն է, իսկ եթե քաղաքապետի կողմից աջակցության մասին եք խոսում, ապա եթե չունենայի, այստեղ կնստեի՞։ Ինձ հետ բանակցությունները տևեցին մեկ ամիս, առաջարկն ընդունեցի այն ժամանակ, երբ ամբողջ գործիքակազմը, ինչ անհրաժեշտ է գլխավոր ճարտարապետի համար, կարողացա ձեռք բերել։ Հիմա, եթե չկարողանամ աշխատել, ոչ մեկին մեղադրել չեմ կարող, որովհետև գրեթե բոլոր խնդրանքներս կատարվեցին»,- նշեց Արթուր Մեսչյանը։
Հարցին՝ այս աշխատանքը չի՞ խանգարի ստեղծագործական կյանքին, նա պատասխանեց՝ ստեղծագործական կյանքն ավարտվեց։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան